7 օգոստոս, 2017 10:16

Արծվաշեն. 25 տարի ադրբեջանական գրավման տակ

Վաղը՝ օգոստոսի 8-ին, լրանում է Արծվաշենի անկման 25 տարին: Այդ առիթով Սիվիլնեթը պատրաստել է մի տեսանյութ, որը ներկայացնում է հայ-ադրբեջանական անկլավների պատմությունը: Այն ՍիվիլՆեթի կայքում կտեղադրվի օգոստոսի 8-ին:

Խորհրդային Ադրբեջանը Խորհրդային Հայաստանի սահմաններում ուներ երեք անկլավ՝ կղզյակներ Նոյեմբերյանի, Իջևանի և Վեդիի շրջաններում: Ադրբեջանական Յուխարը Աքսիպարա գյուղը, որպես ադրբեջանական տարածք, գտնվում էր Նոյեմբերյանի շրջանում՝ սահմանակից Ոսկեպար գյուղին: Ադրբեջանական ևս երկու գյուղեր՝ Աշաղը Աքսիպարա և Բաղանիս-Այրում, որոնցով անցնում էր Երևան-Թբիլիսի մայրուղին, սեպի նման խրված էին Հայաստանի մեջ:

Ադրբեջանական երկրորդ անկլավը գտնվում էր Իջևանի շրջանում: Աղստև գետի երկու ափերին էին Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերը. այնտեղով անցնում էր Իջևան-Բաքու երկաթգիծը և Իջևան-Ղազախ ճանապարհը: Ղազախի շրջանի ևս երկու գյուղեր, որոնք այսօր հայկական վերահսկողության տակ են կամ չեզոք գոտու մաս են կազմում՝ Կըզըլ Հաջիլին և Խեյրիմլին, սահմանակից էին Իջևանի Բերքաբեր և Կիրանց գյուղերին:

Երրորդ անկլավը Վեդու շրջանում էր՝ Քյարքի գյուղը, որը վարչականորեն պատկանում էր Նախիջևանի Շարուրի շրջանին:

Ադրբեջանական այս ութ գյուղերը հայկական վերահսկողության տակ են անցել 1990-1992 թվականներին, որոնցից Քյարքին՝ տակավին 1990-ի հունվարի կեսերին, երբ կար Խորհրդային Միությունը: Մյուս յոթ գյուղերը հայկական ուժերի վերահսկողության տակ են անցել հիմնականում 1992-ի ամռանը՝ Արծվաշենի անկումից շաբաթներ առաջ:

1992-ի օգոստոսի 4-ից ադրբեջանական ուժերը երեք ուղղություններով ձեռնարկեցին գրոհ Արծվաշենի ուղղությամբ: Արծվաշենը անկլավ է Ադրբեջանի Գետաբեկի շրջանում:

Արծվաշենը պաշտպանում էր Վանաձորի 016 մոտոհրաձգային գունդը և տեղի աշխարհազորը:

Օգոստոսի 6-ին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշեց գյուղից հանել բնակչությանը: Երեք օրվա ընթացքում Արծվաշենի շուրջ 4500 բնակչությունը դուրս բերվեց:

Վանաձորի գնդի 12 զինվորներ մնացին ադրբեջանական օղակի մեջ և զոհվեցին չորսժամյա անհավասար մարտում: Նրանց դիակները հայկական կողմին հանձնվեցին մոտ երկու ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին: Նրանց մարմինները հողին հանձնվեցին Եռաբլուրում:

Ահա նրանք անուն առ անուն.

Մայոր Էդվարդ Ավետիսյան՝ Վանաձորի 016 մոտոհրաձգային գնդի հրամանատարի տեղակալ, 31 տարեկան, ծնված Երևանում;

Լեյտենանտ Վոլոդյա Դարբինյան՝ դասակի հրամանատար, 23 տարեկան, ծնված Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում;

Անանիա Սմբատյան՝ 20 տարեկան, ծնված Երևանում;

Գնդի բուժակ Դավիթ Միքայելյան՝ 20 տարեկան, ծնված Երևանում;

Մխիթար Չիլինգարյան՝ 20 տարեկան, ծնված Երևանում, աշխատել է «Սպիտակ» փրկարար ջոկատում;

Տիգրան Թովմասյան՝ 20 տարեկան, ծնված Երևանում;

Սուրեն Եղիազարյան՝ 21 տարեկան, ծնված Էջմիածնում;

Հարություն Աբրահամյան՝ 20 տարեկան, ծնված Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղում;

Կարեն Մնացականյան՝ 20 տարեկան, ծնված Էջմիածնի շրջանի Արտամետ գյուղում;

Ժորա Հակոբյան՝ 20 տարեկան, ծնված Էջմիածնի շրջանի Արտամետ գյուղում;

Կամո Սարիբեկյան՝ 20 տարեկան, ծնված Չարենցավանում;

Արմեն Մակարյան՝ 20 տարեկան, ծնված Չարենցավանում:

Բոլոր 12 տղաները հետմահու պարգևատրվեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրանցից միայն մեկը՝ մայոր Էդվարդ Ավետիսյանն էր ամուսնացած:

Գնդի բուժակ Դավիթ Միքայելյանի հայրը մի հարցազրույցում ասել է. «Ես հպարտանում եմ իմ տղայով, հպարտանում եմ, որ տղաս պառկած է Եռաբլուրում՝ Մոնթե Մելքոնյանի կողքին»:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: