14 օգոստոս, 2017 15:39

Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքների համար Ռուսաստանը «ԻԼ-76» ինքնաթիռ է ուղարկել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է  աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու և  լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: