6 սեպտեմբեր, 2017 15:28

Գյուլի երևանյան 6 ժամերը․ 6 սեպտեմբեր, 2008 թվական

2008-ի այս օրը՝ սեպտեմբերի 6-ի կեսօրին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց «Էյրբաս-319» օդանավը, որի թևերի վրա ամբողջությամբ պատկերված էր մահիկ-աստղով թուրքական վառ կարմիր դրոշը:

Օդանավի շարժասանդուղքով իջնում և բեղերի տակից ինքնագոհ ժպտում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և «ճա-նա-չում» վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից:

«Ես Կարսից եմ», «Ես Արդահանից եմ», «Ես Վանից եմ», «Ես Իգդիրից եմ». այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, «կենդանի շղթա» էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ:

Թուրքիայի նախագահի այցը, սակայն, համընդհանուր ընդվզում չառաջացրեց Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը այսպես նկարագրեց այդ օրերի պատկերը. «Մի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել»։

Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը: Քննադատության հուժկու ալիքի հանդիպելով` ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտպանվելով արձագանքեց. «Ես ընդունում եմ, որ իրոք սխալ ենք թույլ տվել: Բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրել յուրաքանչյուր մեղքի համար: Ես չեմ ստորագրել Ալեքսանդրապոլի կամ Կարսի պայմանագրեր»։

Ֆուտբոլային հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում՝ նոր ձևավորմամբ:

Սեպտեմբերի 6-ին հայաստանյան օրաթերթերի մեծ մասը իրենց վերջին էջը նվիրել էին Գյուլին: Ողջույն-գովազդում` անգլերենով և հայերենով ասվում էր. «Բարի գալուստ մեծարգո նախագահ Աբդուլլահ Գյուլ: Արդար խաղ ոչ միայն 90 րոպեների ընթացքում: Դա է մեր ցանկությունը»։  Հայկական եթերը հեղեղված էր «հայ-թուրքականությամբ»։ Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի խնձորենի, որը սեպտեմբերին ծաղկել էր, և դա, որպես ավետիս, կապվեց Գյուլի այցի հետ:

Թուրքիայում ևս միանշանակ չընկալվեց Գյուլի Երևան այցը: «Միգուցե Գյուլը գնար և աղոթեր Հայոց ցեղասպանությանը նվիրված վայրում և ծաղկեպսակ դներ այնտեղ»,- հայտարարեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Բայքալը: «Հայաստանը ճանաչե՞լ է Թուրքիայի սահմանները, հրաժարվե՞լ է ցեղասպանության պնդումներից, զորքերը դուրս բերու՞մ է Ղարաբաղի գրավյալ հողերից: Եթե այս քայլերը տեղի չեն ունեցել, ապա ինչու՞ է նա գնում»:

Գյուլի Երևան այցի նախօրեին գրավոր հայտարարություն տարածեց ԱՇԿ առաջնորդ Բահչելին. «Պատմական սխալ կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին երկրի ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը»:

Ի պատասխան, արտգործնախարար Բաբաջանը հիշեցրեց Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների, այդ թվում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի միջև նախկինում եղած շփումների մասին:

«Գյուլը մտադիր էր գնալ: Ոչ բոլոր դիվանագետներն էին գոհ այդ քայլից: Նա շատ նամակներ ստացավ, որոնցում խորհուրդ էր տրվում չգնալ Երևան: Կար անվտանգության խնդիր, սադրանքների վտանգ: Մի փոքրիկ միջադեպն անգամ կարող էր ամեն ինչ փչացնել»,- ասաց մի թուրք պաշտոնյա:

Որևէ տհաճ միջադեպ թույլ չտալու համար հայկական կողմն արել էր ամեն ինչ: Բացի այդ, Թուրքիայի նախագահի անվտանգությունը, հայ գործընկերների հետ, ապահովում էր մոտ հինգ տասնյակ հոգանոց թուրքական պահակազորը: Երևանում և «Հրազդան» մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու նպատակով թուրքական կողմը 8 դիպուկահարների էր գործուղել, ովքեր պետք է աշխատեին հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար նախագահներ Սարգսյանի և Գյուլի նստատեղերի առաջ փամփշտարգել ապակիներ էին տեղադրվել: Երևան էին ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան ու պահպանության սարքավորումները:

Ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի նախագահի հետ միասին դիտելը Գյուլի այցելության վերջին հատվածն էր: Մինչ այդ` օդանավակայանից Թուրքիայի նախագահը ուղևորվել էր հյուրանոց` ոգևորելու թուրք ֆուտբոլիստներին: Ապա Թուրքիայի նախագահին առաջնորդեցին Բաղրամյան 26` նախագահական պալատ: Ընդունելության մեծ դռների մոտ կողք-կողքի դրված էին հայկական եռագույնն ու թուրքական կիսալուսին-աստղը:

Թուրքիայի նախագահը դուրս է գալիս զրահապետ մեքենայից, աստիճանների մոտ նրան դիմավորում է Հայաստանի նախագահը: Ահա և պահը. իրար ձեռք են սեղմում և լայն հայացքներով երկար ժպտում Սարգսյանն ու Գյուլը: Սեպտեմբերյան արևի տակ նրանց դեմքերը պայթում էին հրճվանքից:

Գյուլը Հայաստանում մնաց միայն վեց ժամ, այդ ընթացքում նրան բերած նախագահական ինքնաթիռի շարժիչը չանջատվեց: Բանակցությունների ընթացքում, ըստ հեռուստաընկերությունների ցուցադրած պահերի, նախագահները ակնհայտորեն գոհ տպավորություն էին թողնում: Նրանք ձեռքի շարժումով և չափազանց գոհ ժպիտներով ողջունում էին նաև մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին:

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ:

«Առաջին հանդիպումը շատ լավ անցավ: Նրանք (հայերը) օղի էին խմում, նախագահը (Գյուլը) նարնջի հյութ: Նրանք մանրամասների մեջ չմտան, բայց ընդհանուր առմամբ նրանց մոտեցումները համընկնում էի»,- ասել է հանդիպմանը ներկա մի թուրք պաշտոնյա:

Ընթրիքից հետո Սարգսյանն ու Գյուլը ուղևորվեցվի «Հրազդան» մարզադաշտ: Թուրքիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով:

Սերժ Սարգսյանը, Հայաստանի ողջ իշխանական համակարգը, խորհրդարանում իշխանական կոալիցիան` Հանրապետական, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր կուսակցությունները, հեռուստաընկերությունների մեծ մասը, իշխանամետ փորձագետներն ու քաղաքագետները, պալատական մտավորականությունը, ըստ նրանց դեմքի արտահայտության ու հայտարարությունների, երջանկությանը մոտ զգացումներ էին ապրում Թուրքիայի նախագահի այցից:

Մի քանի օր անց նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե «բոլոր ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է գնահատել նախաձեռնությունը և Գյուլի այցը Հայաստան»։

«Պարոն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետև միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Որևէ քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել»,- ասաց Սարգսյանը։

Հետագայում ևս Սարգսյանը պնդում էր. «Համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, և հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, դժվար խնդիրներ լուծելու շատ լավ օրինակ է: Եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»։

Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան Երևանից Անկարա վերադարձի ճանապարհին, օդանավում լրագրողների հետ զրույցում Գյուլը, ինչպես գրեցին նրան ուղեկցող լրագրողները, ասել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման մասին չի խոսել Սարգսյանի հետ: «Կովկասի ամենակարևոր հարցը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Իմ այցը Երևան կարող է նպաստել այդ հարցի լուծմանը»,- թուրք լրագրողները մեջբերեցին Գյուլին, նաև պնդելով, որ հանդիպումների ընթացքում խոսք չի եղել Հայոց ցեղասպանության մասին:

Ավելի ուշ, ամերիկացի լրագրողների հետ զրույցում, ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության հնարավորության հարցին ի պատասխան Գյուլն ասաց, որ «մենք անկեղծորեն ցանկանում ենք տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծումը և պատրաստ ենք նպաստել դրան»: «Այդ հարցը, երբ ես Երևանում էի, բարձրացրել է նախագահ Սարգսյանն ինքը»։

Սերժ Սարգսյանը, ըստ նրա ելույթների ու հարցազրույցների, թվում է, հավատում էր, որ մերժողականության հարցում Թուրքիան փոխվել է: 2008թ. սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ելույթում նա մեջբերեց Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, ով ասել էր, որ «Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին»։ Սարգսյանի կարծիքով` «Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են: Այժմ մենք պիտի մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի հասարակությանը ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում»:

Սեպտեմբերի 6-ի նախօրեին թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը թեկուզ մի քանի օրով բացելու առիթը կորցրեց: Եվ հենց այն իրողությունը, որ գոնե ‎ֆ‎‎‎‎‎‎‎ուտբոլասերների առաջ չբացվեց սահմանը, բավարար էր համոզվելու, որ Անկարան որևէ մտադրություն չունի վերջ տալու շրջափակմանը: Հայկական կողմը անգամ վերանորոգեց Կարս-Գյումրի երկաթուղու` հայկական հատվածը: Թուրքական կողմում վերանորոգման, հետևաբար նաև` սահմանի ժամանակավոր բացման որևէ աշխատանք չկատարվեց:

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը ոչ միայն չտեսնելու ու չլսելու էր տալիս թուրքական կողմից հնչող կոշտ գնահատականները, այլև պատեհ-անպատեհ առիթներն օգտագործում էր` ցույց տալու իր բարյացակամ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:

2008 թ. նոյեմբերին Առաջին աշխարհամարտի ավարտի 90-ամյակն էին նշում և իրենց զոհերին ոգեկոչում պատերազմի մասնակից պետությունները: Եվ միայն Հայաստանը, որն այդ պատերազմում բոլորից ավելի էր զոհ ու կորուստ տվել, պաշտոնական մակարդակով մեկ բառով իսկ չհիշատակեց այդ տարեդարձը, որպեսզի թուրքերը չնեղվեն։  

Ժամանակը և հայ-թուրքական շփումների վերջին 25 տարիները, առաջին հերթին «ֆուտբոլային դիվանագիտությունը» հաստատեցին, որ Թուրքիայից հողային պահանջ չունենալը բավարար չէ, որպեսզի Անկարան Երևանի հետ հաստատի հարաբերություններ:

Թեև շատերը, առաջին հերթին` միջազգային հանրությունը, Գյուլի Երևան այցը որակեցին պատմական, Անկարայի քաղաքականությունը չփոխվեց: Ավելին, Թուրքիայի վարչապետն ու այլ պաշտոնյաներ Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրին բառապաշար, որը նախկինում չէր գործածվել: Թուրք-հայկական սահմանը մնաց փակ, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, Անկարան շարունակեց հարաբերությունների բարելավումը կապել ղարաբաղյան խնդրի հետ:

Այսօր, Գյուլի երևանյան պատմական այցից 9 տարի անց, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խորը փակուղում են, ավելի խորը, քան 2008-ից առաջ։

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: