11 սեպտեմբեր, 2017 16:48

Նալբանդյանն ու Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ինչպես նշվում ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությանը, միջխորհրդարանական հարաբերություններին, առևտրատնտեսական կապերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, համագործակցությանը էներգետիկայի, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Կարևորվել է հայ-վրացական իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիրահայությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը Միխեիլ Ջանելիձեին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։