12 սեպտեմբեր, 2017 16:13

ՀՀ-ում ՌԴ դեսպանը վստահ է՝ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու նախաձեռնության հետ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծում է, որ «Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանը դուրս բերելու նախաձեռնության հետ, որովհետև նրանք տեսնում են այն ակնհայտ առավելությունները, որ Հայաստանն ունի՝ անդամակցելով ԵՏՄ-ին»։ Այսպիսի կարծիք Վոլինկինը հայտնել է այսօր ճեպազրույցի ժամանակ։

Դեսպանի խոսքով՝ «Ելք» դաշինքին ոչ ոք չի խանգարում հանդես գալ նման նախաձեռնությամբ։

Օրերս «Ելք» խմբակցությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ և առաջարկում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու սլաքները ուղղել դեպի Եվրոպական միության շուկա։ Նախագծում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։