13 սեպտեմբեր, 2017 14:40

«Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է»․ ԿԳՆ-ն ռուսերենի դասավանդման հայեցակարգ է մշակել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ, որը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական պորտալում։

Հայեցակարգի հիմնավորման մեջ նշվում է, որ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականով»:

«Նպատակը կրթության բոլոր մակարդակներում հստակեցնել հանրակրթական դպրոցներում ռուսերենի դասավանդման խնդիրը` ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների, չափորոշիչների հստակեցումը, ռուսերենի դասաժամերի հստակ բաշխումը, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխությունը, ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցումը և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը: Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցության հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում»,- ասված է նախագծում։

Առանձին շեշտվում է, որ «Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է»:

Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից է

Որպես նպատակներ նշվում են․

  • սովորողի բազմակողմանի զարգացումը ռուսաց լեզվի՝ հաղորդակցական կարողությունների ձևավորման միջոցով,
  • ռուսաց լեզվի հանրայնացման և Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման և ուսումնասիրման համակարգի զարգացման հիմնախնդիրների համակարգային լուծումները,
  • ռուսաց լեզվի կրթական ծրագրերի բովանդակության, ինչպես նաև ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայի արդիականացումը,
  • ռուսաց լեզու դասավանդողների աշխատանքի որակի բարձրացումը,
  • հանրամատչելի տեղեկատվական պաշարների զարգացումը, որն անհրաժեշտ է կրթական ծրագրերի, այդ թվում նաև էլեկտրոնային ուսուցման, սովորողների և մանկավարժների գործունեության իրականացման համար,
  • բարձրացնել կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) ռուսաց լեզվի ուսուցման որակը:

Հայեցակարգն ամբողջությամբ՝ այստեղ։

Կարդացեք նաև՝ Աշխարհում ռուսախոսների թիվը 25 տարում կրճատվել է 50 միլիոնով․ ՌԴ պաշտոնյա