13 սեպտեմբեր, 2017 17:27

Վահան Մարտիրոսյանը ԱԺ-ում պատասխանեց «Հյուսիս-հարավի» մասին հարցին

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, բայց ամփոփված չեն․ երկրորդ և երրորդ տրանշերի աշխատանքները շարունակվում են, ըստ պայամանագրի նախատեսվում է դրանք ավարտել 2019թ․ այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանի հարցին ի պատասխան ասաց տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Առաջինը ամբողջությամբ իրացվել է, երկրորդ և երրորդ տրանշերը չեն իրացվել։

Արդյունքում ստացվում է, որ դեռ չեն ստորագրվել 150 մլն դրամի 4-րդ և 5-րդ տրանշերը, թեև ֆինանսական հայտերի ներկայացման ժամկետը 2017թ․ դեկտեմբերն է, ե՞րբ եք ներկայացնելու մնացածների հատերը»,- հարց ուղղեց Կյուրեղյանը։

Նա հիշեցրեց, որ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ 2011թ․ ստորագրել է համաձայնագիր, ըստ որի՝ ծրագիրը պետք է իրականացվի 5 տրանշերով։ Ըստ պատգամավորի տվյալների՝ մինչ օրս բանկի հետ ստորագրվել են երեք տրանշեր՝ ընդհանուրը 350 մլն դոլարի չափով։

Մարտիրոսյանի պատասխանից հետո պատգամավորը կրկնեց հարցը՝ արդյոք կհասցնեն 4-րդ և 5-րդ տրանշի հայտերը ներկայացնել ժամանակին։ Նա հավելեց, որ հասարակության շրջանում անվստահություն կա աշխատանքների նկատամամբ։

Նախարարի խոսքով՝ վերահսկողություն է իրականացվում, իսկ պարտավորությունները քննարկում են Ասիական բանկի հետ ու դրանք կատարում։

Վերջերս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում էր տարածել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ մամուլում որոշ հրապարակումների առիթով, որոնք, ըստ գերատեսչության, կարող են «տարընկալման տեղիք տալ», ավելին՝ «մոլորության մեջ գցել» այդ տեղեկատվությունն օգտագործողներին: