13 սեպտեմբեր, 2017 11:18

Ադրբեջանը գնաց ամենամարդասիրական ճանապարհով․ Լապշինի փաստաբան

Օրերս Ադրբեջանում ներում ստացած իսրայելցի և ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուրադ Չեռնինը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքին։ Նա ասում է՝ Լապշինին չի համարում քաղաքական մեծ ֆիգուր և կարծում է, որ տվյալ պարագայում Ադրբեջանը գնաց «ամենամարդասիրական ճանապարհով»։

«Ես չեմ հասցրել խոսել նրա հետ, պարզել եմ՝ որտեղ է և ինչպես կարելի է նրան տեսնել։ 

Նա հոգեպես, բարոյապես շատ թույլ էր և չնայած իմ և նրա ընտանիքի բոլոր ջանքերին՝ չէր հաջողվում նրան հանել այդ վիճակից։ Բժիշկները, հոգեբանները, երեք դեսպանությունների՝ Ռուսաստանի, Իսրայելի և անգամ Ուկրաինայի հյուպատոսական ծառայության աշխատակիցները նրան պարբերաբար այցելել են։

Նա իրեն մեղավոր չի ճանաչում, այսինքն՝ հանցագործություն չի կատարել, դա է մեր դիրքորոշումը։ Չմտածված քայլեր է արել՝ գրել է Ղարաբաղի մասին, միակողմանի է օգտագործել միայն մեկ կողմից ստացված տեղեկատվությունը։ Մենք այդ մասին խոսել ենք և դատախազության, և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։

Նրան պիտի կամ արտահանձնեին, կամ ներում շնորհեին։ Իսրայելից սակայն մինչև հիմա արտահանձնման հայց չի ստացվել, չնայած բոլորը կողմ են։ Նրանք գնացին ներման ճանապարհով։

Անկեղծ՝ ես նրանում չեմ տեսնում քաղաքական մեծ ֆիգուր, որը կարող էր միջազգային արձագանք հարուցել։

Կարծում եմ՝ Ադրբեջանը այս հարցում գնաց ամենամարդասիրական ճանապարհով»,- ասել է Չեռնինը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներում ստանալուց հետո Լապշինը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին՝ շնորհակալություն հայտնելով նրան։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ «զղջում է արածի համար»՝ հույս հայտնելով, որ ղարաբաղյան հարցը կլուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»։