13 սեպտեմբեր, 2017 16:01

Հայաստանում է Քնեսեթի պատվիրակությունը՝ հագեցած ծրագրով

Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Քնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը:

Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարբերական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Իսրայելցի խորհրդարանականները նշել են, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծելով գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ է արվել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։