13 սեպտեմբեր, 2017 10:45

Հունգարիան Ադրբեջանի համար ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի ամենաբարեկամական երկրներից է․ Ալիև

Հունգարիան Ադրբեջանի համար ամենաբարեկամական և գործընկերային երկրներից է ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհում․ ընդունելով Հունգարիայի դեսպանի հավատարմագրերը՝ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա շեշտել է, որ Հունգարիայի հետ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարևորելով վարչապետ Վիկտոր Օրբանի հետ պարբերական հանդիպումների նշանակությունը։ Հունգարիայի դեսպանը նշել է, որ Օրբանը բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի հետ անձնական ընկերական հարաբերությունները։

Վերջերս հունգարական Atlatszo.hu հետաքննական լրատվամիջոցը «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծի» (OCCRP) և այլ ԶԼՄ-ների հետ համատեղ զեկույց էր հրապարակել Ադրբեջանի իշխող՝ Ալիևների կլանի կողմից մոտ 3 միլիարդ դոլարի հասնող փողերի լվացման գործարքների մասին՝ «Ադրբեջանական լվացքատուն» վերնագրով։ Հունգարացի լրագրողները պարզել են, որ Ադրբեջանը 7 միլիոն դոլարի նվիրատվություններ է արել Հունգարիայում, որպեսզի արտահանձնվի Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Նա ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նոր զեկույցը բացահայտել է Ադրբեջանից 7 մլն դոլարի փոխանցում հունգարական բանկային մի հաշվեհամարի, որը ժամանակային առումով կասկածելիորեն մոտ է կացնային մարդասպանին Բուդապեշտից Բաքու արտահանձնելու ամսաթվին, որտեղ նա հերոսի պես ընդունվեց և ներման արժանացավ:

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են:

Ավելին՝ Ինչպես է Ադրբեջանը հետ ստացել Ռամիլ Սաֆարովին․ լրագրողական հետաքննության բացահայտումները։

 

Լուսանկարում՝ Վիկտոր Օրբանն ու Իլհամ Ալիևը