13 սեպտեմբեր, 2017 17:48

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրեց ՊՆ՝ «հաճելիորեն զարմանալու»

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ Հայաստանում ոչ թե ռազմարդյունաբերական համալիր են ստեղծում, այլ դրա մասին հարցազրույցներ տվող գրասենյակ։ Այսօր ԱԺ-ում կառավարությանը հարց ուղղելով՝ նա ասաց․ «Վարչապետի մակարդակով հնչեցվել է գնահատական «խոդ չընկնող տանկերի վերաբերյալ»։ Մենք այսօր կանգնած ենք մի վիճակի վրա, որ Ադրբեջանը անօդաչու սարքեր է արտադրում, իսկ մենք, վստահ չեմ, որ արտադրում ենք փամփուշտներ»,- նշեց նա։ 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մոտենալով ամբիոնին, պատգամավորին հրավիրեց նախարարություն, ամեն ինչ ցույց տալու և ամենը մանրամասն ներկայացնելու համար։

«Ես Ձեզ հրավիրում եմ հարմար ժամանակ շատ մանրամասն զրույցի, վստահեցնում եմ Ձեզ, որ Դուք հաճելիորեն զարմացած կլինեք։ Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, ապա նման սարքեր մենք էլ ունենք, որ ինքներս ենք արտադրում։ Կարծում եմ, որ այդ սարքերը շարունակելու են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- եզրափակեց նա։