3 հոկտեմբեր, 2017 09:15

Ինչու են քրդերն անհանգիստ Իրանում․ The Economist-ի անդրադարձը

The Economist հանդեսն անդրադարձել է Իրանի քրդերի շրջանում անկախության ձգտումներին, որոնք ակտիվացել են սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո։ «Իրանի քրդերը նույնպես անհանգիստ են դառնում» (Iran’s Kurds are growing restless, too) խորագրով հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Իրանի քրդերը անկախության կոչեր են անում նույն խանդավառությամբ, ինչ Իրաքի նրանց ազգակիցները, թերևս նույնիսկ ավելի: Չնայած Իրաքի քրդական քաղաքների փողոցներում տրամադրությունը, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեից հետո զուսպ էր և նյարդային, իրանական Քրդստանի սահմանին այն ավելի ակտիվ տոնվեց: Քրդական Բանե, Սանանդաջ և Մահաբադ քաղաքներում տեղի ունեցան երկօրյա ցույցեր, նույնիսկ այն ժամանակ, երբ զրահամեքենաներ հայտնվեցին փողոցներում՝ ազդարարելով ձերբակալությունների ալիքը։ Ժողովուրդը երգում էր 1946 թ. հյուսիս-արևմտյան Իրանում կարճատև գոյություն ունեցած քրդական պետության՝ Մահաբադի օրհներգը: Լապտերներից կախված էին քրդական դրոշներ։

Իրանցի քրդերը երազկոտ զրուցում էին «Ռոջհելաթ» կամ «Արևելյան Քրդստան» կոչվող մի պետության մասին, որը կազատվեր Աջամաստանի (Իրանիարհամարհական անվանումը) «օկուպացիայից»։ «Քրդերի մեջ նոր ինքնավստահություն կա, - ասում է ականավոր իրանցի քուրդ Լուքման Սոթոդեն։- Ամբողջ աշխարհը հանրաքվեի դեմ էր, բայց քրդերը դա արեցին»: Ըստ քուրդ պաշտոնյաների՝ ընտրողների ավելի քան 90 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում իշխող հոգևորականներն իրենց վրդովմունքը հայտնեցին` սպառնալով ճզմել քրդերի ինքնահաստատման փորձը Իրաքում: Նորաստեղծ պետությանը անվանելով մեկ այլ Իսրայել (որն աջակցում է քրդական անկախությանը)՝ նրանք խոստացան այն վերածել հերթական Գազայի՝ պաշարված, աղքատացած և խեղված փոքրիկ կցորդի։ «Հեռացրեք խայտառակության այս բիծը մահմեդական աշխարհից»,- հայտարարեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Ընդամենը մեկ ամիս առաջ Իրանի քրդական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք ճնշվել էին արցունքաբեր գազով:

Իրանը վախենում է նաև, որ իր մշտական թշնամիները՝ Իսրայելը և Սաուդյան Արաբիան, կարող են օգտագործել Իրաքյան Քրդստանի անկախությունը որպես ցատկահարթակ՝ իր սահմանին խժդժություններ հրահրելու համար, այնպես, ինչպես Իրանն է օգտագործում իր լիբանանյան հովանավորյալ Հեզբոլլահին՝ որպես սպառնալիք Իսրայելի հյուսիսային սահմանին։ Ավելին, Իրանը բազմազգ պետություն է։ Եթե քրդերն աշխուժանան և անհանգստացնեն Իրանի ղեկավարությանը, ապա նրանց կարող են հետևել Իրանի արաբները, ադրբեջանցի թուրքերը, բելուջները և մյուս փոքրամասնությունները, որոնք Իրանի հիմնականում պարսկաբնակ պետության գրեթե մեկ երրորդն են կազմում։

Ապրիլին անջատողական բելուջների մի խումբ սպանել էր տասը իրանցի սահմանապահների: Արաբական զինյալները մայիսին հարձակվել էին Իրաքի հարավարևելյան սահմանին գտնվող անհանգիստ արաբական Ահվազ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա՝ սպանելով երկու ոստիկանների։ Իսլամական պետության (ԻՊ) շարքերը կայուն կերպով պարբերաբար համալրվել են սուննի քրդերով. ԻՊ-ն կոչ է անում տապալել Իրանի շիա վարչակարգը: Իսլամական պետության կողմից Իրանի խորհրդարանի և Այաթոլլահ Խոմեյնիի սրբավայրի վրա կատարված հարձակումը, հավանաբար, իրականացվել է իրանցի ջիհադիստ քրդերի կողմից:

Իրաքյան Քրդստանի հարակից չորս երկրները՝ Իրանը, Սիրիան, Թուրքիան և Իրաքի  արաբական մնացորդը, վախենում են, որ հանրաքվեն կարող է հանգեցնել քրդական ազգայնականության վերածննդի: Սիրիայում բնակվում է ավելի քան 2 միլիոն քուրդ, Իրաքում`մոտ 5 միլիոն, Իրանում՝ ևս 5 միլիոն, իսկ  Թուրքիայում`18 միլիոն: Թուրքիան տանկեր է կանգնեցրել իր քրդաբնակ շրջանների երկայնքով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է փակել Քրդստանի միակ նավթամուղը և փակել սահմանները:

Այս քառյակից պատմականորեն ամենից շատ մտահոգված է Իրանը։ Յոթ դար շարունակ իրանյան քրդերը ունեցել են իրենց քիչ թե շատ անկախ ավատը, որը հայտնի է Արդալան անվամբ՝ ծվարած օսմանյան և պարսկական կայսրությունների միջև գտնվող լեռներում։  Թուրքիայի քրդերը բավական տարբեր են Իրաքի քրդերից, քանի որ  գլխավորապես ալևի են (նրանցից ոմանց կոչում են շիա): Իրանի քրդերը շատ ավելի մոտ են Իրաքի քրդերին: Նրանք խոսում են նույն բարբառով՝ սորանիով։ Նրանց մեծ մասը հետևում է նույն՝ սուննի իսլամի շաֆիական դպրոցին: Նրանց քաղաքական շարժումները հակված են միմյանց հետ համագործակցելուն։

Եթե Իրանի քրդերը լուրջ ապստամբություն սկսեն, Իրանը հեշտությամբ այն կլռեցնի։ 1946թ․ իրանական ուժերը ընդամենը մի քանի ամսում խեղդեցին Մահաբադի հանրապետությունը,  իսկ 1979թ. Իրանի իսլամական հեղափոխությունից հետո քրդական ապստամբությունը ճնշվեց՝ թողնելով շուրջ 10.000 զոհ: Այնուամենայնիվ, այս հանրաքվեն կրկին անհանգստացրել է Իրանի ղեկավարներին:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի