5 հոկտեմբեր, 2017 12:14

Անգղերի որսի գործով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Անգղերի որսի գործով Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ պարզվել է երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:

Հետևաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Հանգամանքները պարզվում են:

Econews.am կայքը հաղորդել էր, որ համացանցում հայտնվել են սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, ամենայն հավանականությամբ, սպիտակագլուխ անգղեր են:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: 

ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ: Econews.am-ը նաև հաղորդում է, որ պիտակագլուխ անգղեր որսած անձը Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար, 1980թ. ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանն է: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005-ից։

Hetq.am-ին Շենավանի համայնքապետն ասել է, թե ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին. դրանց տեսել է ճանապարհին ընկած։