10 հոկտեմբեր, 2017 17:22

Կարեն Կարապետյանը հանդիպել է Իրանի նախագահին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։

«Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում:

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները կարևորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:

ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-իրանական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է: