10 հոկտեմբեր, 2017 10:38

Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը․ Ջահանգիրի

Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը․ երեկ Թեհրանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին։ Նրա խոսքով՝ Իրանի հարևանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը:

«Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաև այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ»,- ասել է Ջահանգիրին:

Հոկտեմբերի 9-ին Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ, քննարկել  տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հիմնախնդիրը։