11 հոկտեմբեր, 2017 15:11

Ընդդեմ քրդերի․ կարո՞ղ են արդյոք Իրանը և Թուրքիան մեկտեղել ուժերը

Մերձավոր Արևելքի խնդիրներով մասնագիտացած Al-Monitor կայքում թուրք հոդվածագիր Մեթին Գուրչանը (Metin Gurcan) անդրադառնում է քրդերի դեմ Թուրքիայի և Իրանի հնարավոր համագործակցությանը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Ութ ամիս էլ չի անցել այն պահից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանական էքսպանսիան անվանեց «պարսկական ազգայնականություն»: Այդ հեռուստատեսային հայտարարությունից հետո Թուրքիայի դեսպանն Իրանի ԱԳՆ կանչվեց, և նրան բողոքի նոտա հանձնվեց։ Այնուամենայնիվ, Անկարայի և Թեհրանի միջև երկարատև տարածաշրջանային մրցակցությունը սկսել է մերձեցման առաջին նշանները ցույց տալ Կատարի և Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի միջև ընթացող ճգնաժամից ի վեր, որտեղ Թուրքիան աջակցում էր Կատարին։

Ի լրումն, սեպտեմբերի 25-ին իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության (KRG) անցկացրած անկախության հանրաքվեն հանգեցրեց նրան, որ Անկարա - Թեհրան հարաբերությունները արագորեն ձեռք բերեցին ռազմական- անվտանգության համագործակցության առանձնահատկություններ: Այժմ խնդիրն այն է, թե արդյոք նրանց համընկնող ռազմաքաղաքական շահերը պաշտոնական ձևակերպում կստանա՞ն, թե՞ ոչ։

Երեք հանդիպում հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու մերձեցման և նրա հետագա ուղղությունների մասին. օգոստոսի 14-15-ին Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի այցը Անկարա; հոկտեմբերի 1-4-ին  Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի այցը Թեհրան և հոկտեմբերի 4-ին Էրդողանի այցը Թեհրան:

Ինչ վերաբերում է Բաղերիի այցի կոնկրետ արդյունքներին, ապա երկու երկրները որոշեցին ընդլայնել համագործակցությունը սահմանների անվտանգության ապահովման, հետախուզության համակարգման և հակաահաբեկչական գործողությունների իրականացման հարցում: Առաջնահերթ խնդիրը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) (որին Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց) և նրա իրանական ճյուղավորման՝ Քրդստանում ազատ կյանքի կուսակցությունը (PJAK) միջև կապերի խզումն է, այնուհետև դրանց մարգինալացումը։

Անկարայում անվտանգության աղբյուրները «Ալ-Մոնիտորին» հայտնել են, որ երկու երկրները ստորագրել են արձանագրություն՝ սահմանապահ զորքերի համատեղ զորավարժությունների անցկացման և սահմանագծում համատեղ սահմանային պարեկություն անցկացնելու համար, սահմանային մաքսանենգությունը թիրախավորու նպատակով, որից Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Քրդստանում ազատ կյանքի կուսակցությունը շահույթ են ստանում: Իրանը դրական է արձագանքել Թուրքիայի կողմից 90 մղոն երկարությամբ անվտանգության պատի կառուցմանը թուրք-իրանական 310 մղոն ընդհանուր սահմանին: Ռազմական աղբյուրները հայտնել են, որ քննարկվել են, թե ինչպես Իրանը կարող է իր ներդրումն ունենալ սահմանային անվտանգության հարցում. օրինակ, թերևս դրոնների (անօդաչու թռչող սարքերի) համատեղ վերահսկողության համակարգի միջոցով կամ սահմանի իրանական կողմի կարևոր հատվածներում վերահսկողության աշտարակներ կառուցելով։

Մեկնաբաններից շատերը զարմանում են, թե ինչու է թուրքական մասամբ աշխարհիկ զինվորականությունը դարձել կրոնապետական Իրանի հետ հարաբերությունների բարելավման առաջատար շարժիչը: Հավանական պատասխանն այն է, որ «PKK-ֆոբիան» հասել է այն աստիճանի, որ բթացրել է զինվորականների աշխարհիկ զգայարանները:

Անկարան ակնհայտորեն Իրանից ավելի է հակված Քրդստանի աշխատավորական կուսակցության և Քրդստանի տարածաշրջանային կառավարության դեմ ռազմական գործողություններ իրականացնելուն: Օգոստոսի վերջից Թուրքիայի կառավարական ԶԼՄ-ները տարածում են Հյուսիսային Իրաքի Քանդիլ լեռներում Քրդստանի աշխատավորական կուսակցության շտաբների դեմ համատեղ գործողությունների վերաբերյալ նյութեր, սակայն ըստ երևույթին՝ Թեհրանը որևէ կերպ շահագրգռված չէ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից գեներալ Հազեհ Սայեդ Ալ-Շոհադան իր սեպտեմբերյան հայտարարության մեջ ընդգծել էր, որ Իրանը չի պատրաստվում հակաահաբեկչական գործողություններ սկսել իր սահմաններից դուրս:

Հոկտեմբերի 4-ին Էրդողանի՝ Իրան կատարած այցելության ժամանակ նրան ուղեկցող մեծ պատվիրակությունը ներառում էր արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և արդյունաբերության նախարարներին՝ երկկողմ համագործակցության համաձայնագրերի ստորագրման ակնկալիքով։ Կնքվեցին առևտրային պայմանագրեր և ռազմական վերապատրաստման ու զորավարժությունների, սահմանային անվտանգության ու նավատորմերի՝ նավահանգիստներ փոխադարձ այցելությունների վերաբերյալ արձանագրություններ: Էրդողանը այցը որակեց որպես անչափ կարևոր:

Արդյոք նման համագործակցությունը կարո՞ղ է ապագայում վերաճել Իրան-Թուրքիա ռազմական դաշինքի: Վերջերս մերձեցման հիմնական շարժիչ ուժը Քրդստանի աշխատավորական կուսակցության և Քրդստանում ազատ կյանքի կուսակցության սպառնալիքի ընկալումն է: Այժմ շատ քիչ հավանական է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմավարական բազաների կամ Քրդստանի տարածաշրջանային կառավարության դեմ կիրականացվեն հակաահաբեկչական համատեղ գործողություններ։

Երկու երկրներն էլ կարծես թե պատրաստակամ են պաշտոնականացնելու սահմանային անվտանգության և քրդական շարժումների վերահսկողության հետախուզության տվյալների փոխանակումը, և հնարավոր է՝ առաջիկա ամիսներին Թեհրանում և Անկարայում այդ նպատակով հիմնվեն «համատեղ կենտրոններ»: Հնարավոր է նաև, որ ռազմական երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացումը հանգեցնի վստահության հաստատման, ինչը կբերի դիվանագիտական հարաբերությունների արագ կարգավորման։

Թերևս քիչ հավանական է, որ վերջին զարգացումները հանգեցնեն ռազմական դաշինքի: Նախ, տարածաշրջանային անընդհատ փոփոխվող ուժային հավասարումները նշանակում են, որ երկու երկրները հաճախ պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները, որոնք միշտ չէ, որ համատեղելի կլինեն: Երկրորդ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը երբեք թույլ չեն տա, որ Իրանն ու Թուրքիան իրենց հակաքրդական դիրքորոշումների հիման վրա ռազմական դաշինք կազմեն։ Երրորդ, չի կարելի անտեսել, որ երկու բանակների ռազմական և ռազմավարական մշակույթների միջև եղած մեծ տարբերությունները խանգարում են ուժերի իրական միատեղմանը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի