12 հոկտեմբեր, 2017 12:39

«Ո՞ւմ է պետք ԵԽԽՎ-ն»․ Բաքուն արձագանքում է Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկվել և դատապարտվել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ու «խավիարային դիավանագիտության» վերաբերյալ պնդումներւ։ Այս առնչությամբ Բաքվից հերթական անգամ հնչել են հայտարարություններ այն մասին, որ այդ կառույցն առհասարակ Ադրբեջանին պետք չէ։

ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 11-ի լիագումար նիստին բանաձև է ընդունել, որում առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ՀԿ-ների, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների դեմ հետապնդումների ու ազատազրկման առնչությամբ։ Բանաձևում մատնանշվում է նաև Ադրբեջանի կառավարության առնչությունը մեծ չափերի փողերի լվացման հետ։

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին սկսել «անկախ և անկողմնակալ» հետաքննություն մեղադրանքների վերաբերյալ, սկսել «իրական և բովանդակային» բարեփոխումներ արդարադատության համակարգում՝ նշելով, որ Ադրբեջանում շարունակում է պահպանվել դատական համակարգի կախվածությունը գործադիրից։

ԵԽԽՎ-ի բանաձևին արձագանքել են Բաքվից․ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը Թվիթերում գրառում է արել, որում ԵԽԽՎ-ին մեղադրել է «երկար ժամանակ Ադրբեջանի նկատմամբ անարդար և դաժան վերաբերմունք ցուցաբերելու» և «ինչ-ինչ շրջանակների շահերն սպասարկելու մեջ»։

Մամեդովի պնդմամբ՝ «եթե ԵԽԽՎ-ի հիմնական առաքելությունը դաշնակիցների համար պատիժ սահմանելն է, ապա ո՞ւմ կամ ինչի՞ համար է անհրաժեշտ այդ կառույցը»։

Մամեդովին երկրորդում է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, որը կարծում է, որ ԵԽԽՎ-ի կողմից «կողմնակալ փաստաթղթերի» ընդունումը ստիպում է Ադրբեջանին «վերանայել հարաբերություններն այդ կառույցի հետ»։

Ադրբեջանցի պաշտոնյաների այս հայտարարություններին նախորդել էր երկրի ղեկավար Իլհամ Ալիևի նույնաբովանդակ պնդումն այն մասին, թե Եվրոպայի խորհրդից դուրս գալու դեպքում «Ադրբեջանը ոչինչ չի կորցնի»։

Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև այս լարվածությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում ադրբեջանամետ և կոռուպցիոն սկանդալներում ներքաշված Պեդրո Ագրամունտին փոխարինել է Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսը։

Կարդացեք նաև՝

Եվրոպական կառույցները ուժեղացնում են ճնշումը Ադրբեջանի դեմ:

Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում