12 հոկտեմբեր, 2017 15:01

Ադրբեջանական նավերն Իրանում․ ինչ ուղերձ է հղում Բաքուն Արևմուտքին

Eurasianet.org կայքում հոդված է հրապարակվել Ադրբեջանի և Իրանի՝ Կասպից ծովում հարաբերությունների մեղմացմանը։ Հոդվածագիր Ջոշուա Քուչերան (Joshua Kucera) վերլուծում է, թե ինչը կարող է դրդել Ադրբեջանին լավացնելու հարաբերությունները Իրանի հետ Կասպից ծովի ավազանում։

Ադրբեջանի ռազմածովային նավատորմն առաջին անգամ այց է կատարել Իրան՝ ազդարարելով  իրարից զգուշացող երկու հարևանների միջև կապերի ամրապնդումն ու Բաքվի հարաճուն ցանկությունը՝ ցույց տալու, որ ինքը ոչ արևմտյան աշխարհաքաղաքական տարբերակներ ունի: Այցը համեստ էր, բայց այն մեծ քայլ էր Ադրբեջանի և Իրանի՝ կասպիցծովյան հարաբերություններում, որոնք ընդհանուր առմամբ բնորոշվել են լարվածությամբ և անվստահությամբ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք դրվագներ են եղել, երբ Իրանը թերևս փորձել է վախեցնել ադրբեջանական նավթի հետախուզմամբ զբաղվող նավերին, և Ադրբեջանը մտահոգվել է շատ ավելի մեծ հարևանի հետ առճակատվելու իր կարողությամբ։

2001թ. իրանական ռազմական նավը սպառնացել էր ադրբեջանական ջրերում աշխատող British Petroleum-ի հետազոտական նավին: Միացյալ Նահանգների դիվանագիտական գրագրությունները (Wikileaks) այլ միջադեպ են նկարագրում 2009 թ., երբ Իրանը նավթի հետախուզման սեփական տեխնիկան ադրբեջանական ջրեր տեղափոխեց, և Բաքուն իրավիճակի կարգավորման հարցում ստիպված էր մեծապես ապավինել ԱՄՆ-ի ուղղորդմանը։

Վերջերս, սակայն, Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը սկսել է նվազել: «2013թ․ նախագահ Հասան Ռոհանիի ընտրությունից և Իրանի վրա միջազգային ճնշման  աստիճանական թուլացումից ի վեր երկու պետություններն սկսել են ավելի մերձենալ», - նկատում է Իրանի և հետխորհրդային երկրների հարաբերությունների հարցերով զբաղվող Վաշինգտոնում գտնվող Մերձավոր Արևելքի ինստիտուտի փորձագետ Ալեքս Վատանկան․ «Բաքուն չէր ցանկանում խաղից դուրս մնալ, եթե Իրանը հաջողությամբ վերաինտեգրվեր համաշխարհային համակարգին»:

Վերջերս Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ լարված էին, ինչը Բաքվի համար խթան է Կասպից ծովի հարևանների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, ավելի սերտ կապեր հաստատելու համար։ «Ադրբեջանի՝ Արևմուտքի հետ վատ հարաբերությունները նույնպես մղում են Բաքվին այս ուղղությամբ, հատկապես որ Իրանն ու Ռուսաստանը ավելի են մոտեցել բոլոր առումներով (դիվանագիտական, տնտեսական, ռազմական և այլն)»,- ասում է Վատանկան:

«Որպես փորձնական քայլ, ադրբեջանական երկու նավերի այցը ցածր ռիսկային է, ցածրարժեք, բայցևայնպես Բաքվի և Թեհրանի կողմից այն դիտարկվում է որպես ուղերձ կոնկրետ լսարաններին, հիմնականում Արևմուտքին»։

Վերջին ամիսներին Իրանը զգալիորեն ակտիվացրել է իր կասպյան  դիվանագիտությունը: Այս տարվա սկզբին Իրանն առաջին անգամ նավարկություն էր կատարել Ղազախստան, Ղազախստանն էլ պատասխան այց էր կատարել սեպտեմբերին: Այս տարվա ամռանը Իրանն առաջին անգամ մասնակցել էր Ռուսաստանի կազմակերպած «Կասպիական գավաթ» ռազմածովային սպորտային մրցաշարին, որը տեղի էր ունենում Բաքվում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի