12 հոկտեմբեր, 2017 17:50

Մուխթարլիի ընտանիքը հեռացել է Թբիլիսիից

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ լրագրող Լեյլա Մուստաֆաևան, իր երեխայի հետ հեռացել է Վրաստանից։ Մուստաֆաևան Meydan․tv-ին ասել է, որ իրենք մեկնել են Բեռլին:

Լեյլա Մուստաֆաևան մի քանի անգամ հայտարարել էր, որ իր և ադրբեջանցի ակտիվիստ Դաշգին Աղալարլիին հետևում են։ Նա դիմել էր դատախազություն՝ պահանջելով համապատասխան հետաքննություն իրականացնել։ Մուստաֆաևան և նրա փաստաբանը իրավապահ մարմիններին մեղադրեցին անգործության մեջ:

Հունիսին ՍիվիլՆեթը զրուցել էր Լեյլա Մուստաֆաևայի հետ։ Հարցին, թե արդյոք պաշտպանվա՞ծ է զգում Վրաստանում, կինը պատասխանել էր, որ հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից և Վրաստանի կառավարության առաջարկած անվտանգության միջոցներից։

Վրաստանից այլ երկիր տեղափոխվելու մտադրության մասին հարցին ի պատասխան Լեյլա Մուստաֆաևան ասել էր, որ պետք է մնա Վրաստանում։ 

«Դա կլինի ի օգուտ Վրաստանի կառավարության, եթե ես հենց հիմա հեռանամ այստեղից»,- եզրափակեց լրագրողի կինը։ 

***

2014թ. Վրաստան տեղափոխված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին 2017թ․ մայիսի 29-ին անհետացել էր Թբիլիսիում: Մայիսի 30-ին լրագրողը զանգահարել էր իր փաստաբանին և հայտնել, որ իրեն բռնի տեղափոխել են Բաքու: Լրագրողին մեղադրում են պետական սահմանի ապօրինի խախտման, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու մեջ: Մուխթարլին չի ընդունում մեղադրանքները:

Ավելի ուշ նա հայտարարեց, որ Թբիլիսիում իրեն առևանգել էին քրեական ոստիկանության հագուստով անձինք։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արդեն ուսումնասիրում է Աֆղան Մուխթարլիի և Լեյլա Մուստաֆաևայի գործը Վրաստանի և Ադրբեջանի դեմ: Դատարանը գործին առաջնահերթության կարգավիճակ է տվել:

Հունիսի 16-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխթարլիին։