12 հոկտեմբեր, 2017 15:59

Սաակաշվիլին իրապես հաղթեց կոռուպցիան․ Մարգվելաշվիլիի ծավալուն հարցազրույցը՝ «Դոժդ»-ին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տվել ռուսաստանյան «Դոժդ» անկախ հեռուստաալիքին, խոսել ռուս-վրացական հարաբերությունների ներկայիս փուլի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների, Իվանիշվիլիի և Սաակաշվիլիի հետ հարաբերությունների մասին։

«Մենք Ռուսաստանի կողմից պատժված ենք անկախ լինելու մեր որոշման համար, և այդ պատիժը եկավ օկուպացիայի տեսքով։ Ակնհայտ է, որ մենք չենք դավաճանի մեր ազգային ինքնությանը, նրան, որ մենք մի ժողովուրդ ենք, որը երկու հազար տարվա ընթացքում առնվազն զարգանում է որպես պետություն, և դա անում է մեծ կայսրությունների ֆոնին և նրանց բախման կիզակետում»,- ասում է Վրաստանի նախագահը։

Նա փաստում է, որ Խորհրդային Միության փլուզման ընթացքում եղել են «և խնդիրներ, և սադրանքներ», սակայն այդ պատճառով տարածքներ չեն փոխում, չեն օկուպացնում։

Ռուսաստանը որոշել է լինել իր հարևաններին պատժող ուժ

«Երբ նման վերաբերմունք ունես քո հարևանների հանդեպ, ինչպիսին են Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և այլն, դա հանգեցնում է հակամարտությունների»,- ասում է Մարգվելաշվիլին՝ 2008թ․ ռուս-վրացական պատերազմի ծագման մեջ տեսնելով «և սադրիչների, և հատուկ ծառայությունների» լուման։

Հարցին, թե ինչ կարող է անել Վրաստանը, եթե Հարավային Օսիայում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացվի, Մարգվելաշվիլին պատասխանում է․ «Իրականում մենք ձեռնարկել և ձեռնարկում ենք հետևյալը․ մենք ակտիվորեն գործում ենք դիվանագիտական ճակատում։ Եվ, ի դեպ, մեր փոքր երկիրը՝ շատ սահմանափակ ռեսուրսներով, դիվանագիտական ճակատում ռուսաստանյան դիվանագիտությանը ջախջախիչ պարտության է մատնել»։ Աշխարհի ոչ մի երկիր, ըստ Մարգվելաշվիլիի, «բացառությամբ մեկ-երկուսի», չի աջակցել Մոսկվայի քաղաքականությանը Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելու հարցում։ 

Սա պատերազմ է, որը մենք վարում ենք դիվանագիտական ճակատում 2008-ից

ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման և այդ գործընթացի ձգձգման մասին հարցադրմանն ի պատասխան Մարգվելաշվիլին ասում է, որ այդ հարցը պետք է ուղղել «ոչ թե իրեն, այլ եվրոպացի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին», որոնք «ոչ այնքան գործուն կերպով են խթանում գործընթացը»։

Մարգվելաշվիլին մեկնաբանում է նաև հարցը, թե արդյոք սահմանադրության «անվերջ փոփոխումը երկրում ներքաղաքական ճգնաժամի նշան է»։ 

«Ոչ, դա վատ ճաշակի նշան է, որն ունեն այն քաղաքական գործիչները, որոնք ամեն անգամ որոշում են, որ պետք է փոխեն Տիեզերքը այն պահից սկսած, երբ մտնում են այդ կաբինետ։ Դա վատ ճաշակի մասին է վկայում։ Ես չեմ կարծում, որ մինչև այս գործող Սահմանադրությունը կատարյալ էր։ Սակայն լավ ճաշակը, ավանդույթն ու եվրոպական մոտեցումը հիմնված են գոյություն ունեցած կանոնների ընդունման վրա, ոչ թե դրանք այլ չափորոշիչներով փոփոխելու փորձերի»։

Իվանիշվիլիի հետ հարաբերությունների մասին

«Ի՞նչ հարաբերություններ ունեք նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, որին շատերը անվանում են Վրաստանում թագավորների իրական օծող» հարցին Մարգվելաշվիլին պատասխանում է, որ «արդեն չորս տարի է՝ չունեն հարաբերություններ», անգամ չեն շփվում Իվանիշվիլիի հետ, որն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հիասթափվել է Մարգվելաշվիլիից։

Վրաստանի նախագահը հրաժարվում է մանրամասնել պատճառները՝ ասելով, որ իր մասին բացասական կարծիքներ հայտնելը «նորմալ է ժողովրդավարության համար»։

Ես կուսակցությունների նախագահ չեմ, ես վրաց ժողովրդի նախագահն եմ

Իշխող «Վրացական երազանքի» առաջարկած սահմանադրական փոփոխությունների վրա վետո դնելու իր որոշման մասին Մարգվելաշվիլին ասում է․ «Այն «Վրացական երազանքի» հետ հակամարտությունից դրդված չէ։ Ես կուսակցությունների նախագահ չեմ, ես վրաց ժողովրդի նախագահն եմ։ Այն, որ կուսակցությունն ինձ օգնել է ընտրություններում չի նշանակում, որ ես պարտավոր եմ ծառայել այդ կուսակցությանը»։

Սաակաշվիլին իրապես հաղթել է կոռուպցիան

Վրաստանի գործող նախագահը գնահատում է նաև իր նախորդի՝ Միխեիլ Սաակաշվիլիի թողած ժառանգությունը․ «Սաակաշվիլին իրապես հաղթել է կոռուպցիան։ Նա ստեղծել է պետական մարմիններ, որոնք արդյունավետորեն աշխատել և աշխատում են ի սպաս քաղաքացիների, ինչպիսիք են՝ պարեկային, մաքսային  և այլ ծառայությունները։ Ցավոք, դա տեղի է ունեցել քաղաքացիների և մամուլի իրավունքների ոտնահարման հաշվին, և դա նույնպես փաստ է։ Եվ վրաց ժողովուրդը համապատասխանաբար արձագանքեց այդ փաստերին։ Նրա կառավարությունը փոխարինեցին մեր՝ «Վրացական երազանքի» կառավարությամբ»։

Խոսելով Սաակաշվիլիի կողմից Վրաստանի քաղաքացիությունը հետ ստանալու հնարավորության մասին՝ Վրաստանի նախագահն ասում է, որ Սաակաշվիլին «ինքն է հրաժարվել այդ քաղաքացիությունից» և կարծիք հայտնել, որ նախկին նախագահը «պետք է հարգի վրաստանյան պետականությունը», «առնվազն պատասխանի դատախազության հարցերին», և այդ դեպքում «բոլոր գործընթացները համաչափ կզարգանան»։

 

Ստելլա Մեհրաբեկյան