16 հոկտեմբեր, 2017 12:02

Ֆրանսիացի Օդրի Ազուլեն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրեն

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, նոր գլխավոր տնօրեն ունի՝ Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն։ Կառույցի գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարում Ազուլեն ընտրության հինգերորդ փուլում առաջ է անցել Կատարի ներկայացուցիչ Համադ բին ալ-Քավարիից։

Ազուլեն ստանձնում է պաշտոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ոչ հեշտ ժամանակներում․ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ դուրս է գալիս կազմակերպությունից՝ «հակաիսրայելական դիրքորոշման համար»։

«Ճգնաժամային այս ժամանակահատվածում մենք ինչպես երբեք պետք է սատարենք, ամրացնենք և բարեփոխենք ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ թե դուրս գանք դրանից»,- լրագրողներին ասել է նոր գլխավոր տնօրենը՝ խոստանալով վերափոխել կազմակերպությունը։

Ազուլեն համոզմունք է հայտնել, որ առաջին բանը, որը կանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանդեպ վստահության վերականգնումն է։

Ֆրանսիայի ներկայացուցիչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինում է բուլղարացի Իրինա Բոկովային, որի անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալներում։ 

Օդրի Ազուլեի ընտրությանը Թվիթերում արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․ «Շնորհավոր։ Ֆրանսիան շարունակելու է պայքարել աշխարհում հանուն գիտության, կրթության և մշակույթի»։

 

Կարդացեք նաև՝ Բյուլբյուլ օղլին «որոշել է» դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցապայքարից։