25 հոկտեմբեր, 2017 09:49

Ռուսաստանը հետաքրքրված է Մեղրիի ազատ տնտեսական գոտով

Ռուսաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացմանը․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ին Երևանում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո։

Նոյեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, սկսելու է գործել ազատ տնտեսական գոտին: Հարցին, թե ինչպե՞ս են դիտարկում ԵՏՄ երկրների և, մասնավորապես, ռուսական բիզնեսի ու ներդրումների ներգրավման հեռանկարներն այդ նախագծում, Մեդվեդևը պատասխանել է․

«Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով, եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք՝ ինչպես այդ ամենն ամբողջականացնել, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորրը, որ դա տա իր պտուղները»։

Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որը հետաքրքրություններ ունի Իրանում․ «Ավելին, մենք շատ բաց ենք ու պատրաստ ենք համագործակցել ոչ միայն Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագորցակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այն բավականին ինտենսիվ բանակցությունները, որոնք տեղի են ունենում, կունենան վերջնական պատրաստի տեսք՝ կիրառման համար»:

Հանդիպմանը, ինչպես նշված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է, որ բիզնես երկխոսության ամրապնդման և ներդրումային համագործակցության զարգացմանը կնպաստի Հայաստան-Իրան սահմանին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, և Ռուսաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ պոտենցիալ հետաքրքրվածություն են հայտնել ԱՏԳ-ում մասնակցություն ունենալու կապակցությամբ: