25 հոկտեմբեր, 2017 17:08

Քրդստանը պատրաստ է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները

Իրաքյան Քրդստանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կենտրոնական կառավարության հետ բաց երկխոսություն սկսելու և անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու պատրաստակամություն է հայտնել։

«Քանի որ Իրաքն ու Քրդստանը առերեսվում են վտանգավոր հանգամանքների, մենք բոլորս պարտավոր ենք գործել պատասխանատու կերպով՝ կանխելու հետագա բռնությունն ու բախումները իրաքցիների և փեշմերգայի [Իրաքյան Քրդստանի զինված ուժեր - ՍիվիլՆեթ] միջև։

2017թ․ հոկտեմբերի 16-ից հետո իրաքյան ուժերի և փեշմերգայի միջև բախումները վնաս են պատճառել երկու կողմերին և կարող են հանգեցնել շարունակական արյունահեղության՝ պատճառելով ցավ, հասարակական անկարգություններ իրաքյան հանրության տարբեր շերտերում։

Կատալոնիա, Քրդստան, Ղարաբաղ․ BBC-ի անդրադարձը

Հայաստանը, Ադրբեջանը և քրդերի անկախության հանրաքվեն

Իհարկե, շարունակվող առճակատումը կողմերից որևէ մեկին հաղթանակ չի բերում, սակայն կարող է երկիրը տանել դեպի քաոս և հուզումներ՝ ազդելով կյանքի բոլոր ոլորտների վրա։

Հետևաբար, Քրդստանի և Իրաքի ժողովուրդների առաջ ստանձնած մեր պարտավորությունները կատարելու համար  Իրաքի կառավարությանը, իրաքցիներին և միջազգային հանրային կարծիքին առաջարկում ենք հետևյալը․ 

1․ Անհապաղ հրադադար և ռազմական գործողությունների դադարեցում Քրդստանի տարածաշրջանում;

2․ Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի արդյունքների սառեցում;

3․ Քրդստանի տարածաշրջանային կառավարության և Իրաքի դաշնային կառավարության միջև բաց երկխոսության մեկնարկ՝ Սահմանադրության հիման վրա»։

Էրբիլի և Բաղդադի միջև լարվածությունը ծագել է սեպտեմբերի 25-ին Քրդստանի տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեից հետո։ Հանրաքվեն քննադատեցին ոչ միայն Իրաքի կենտրոնական իշխանությունները, այլև ԱՄՆ-ն ու այլ պետություններ։ Պետքարտուղարությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որում քուրդ առաջնորդներին կոչ արեց գնալ այլընտրանքային ճանապարհով, որը ենթադրում է «լուրջ և երկարատև երկխոսություն» կենտրոնական կառավարության հետ։

Հանրաքվեին ի սկզբանե դեմ էին նաև տարածաշրջանային տերություններ Թուրքիան և Իրանը։

Ընդդեմ քրդերի․ կարո՞ղ են արդյոք Իրանը և Թուրքիան մեկտեղել ուժերը

Անցյալ շաբաթվա սկզբին Իրաքի կենտրոնական կառավարությունը վերահսկողություն սահմանեց Քըրքուք քաղաքի նկատմամբ, որը թեև համարվում էր վիճելի տարածք քրդերի և արաբների միջև, սակայն 2014թ․ Իսլամական պետության հարձակումից հետո քրդական ինքնավարության վերահսկողության տակ էր անցել։

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքում Իրաքից անկախացման օգտին քվեարկել է ընտրողների մոտ 94 տոկոսը։

Ստելլա Մեհրաբեկյան