1 նոյեմբեր, 2017 12:18

Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպում Թեհրանում․ ինչ կա օրակարգում

Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելում է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրագույն ղեկավարության հետ։ Թեհրանում նախատեսված է նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2016թ․ օգոստոսին Բաքվում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ թեմաներից մեկը փոխգործակցությունն է էներգետիկ ոլորտում։ Առանցքային մյուս թեմաներից են Իրանի միջուկային ծրագիրն ու սիրիական հարցը։

«Իրանը ցանկանում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը միջուկային համաձայնագրի հարցում լինի ավելի հստակ և աջակցող, քանի որ դրան սպառնում է ԱՄՆ-ի դիրքորոշումը»,- Bloomberg-ին ասել է վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն։ 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախագահական քարոզարշավի ժամանակահատվածից քննադատում է Իրան-Վեցյակ համաձայնագիրը՝ Իրանին մեղադրելով այն խախտելու մեջ և հայտարարելով, որ գործարքը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։ 

Մոսկվան ի դեմս արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկ արձագանքել է ամերիկյան հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է ԱՄՆ-ի «անկանխատեսելի գործողություններով» իրանական միջուկային գործարքի հարցում։

Chatham House լոնդոնյան վերլուծական կենտրոնի փորձագետ Մաթյե Բուլեքը կարծում է, որ Պուտինի այցը Թեհրան տեղավորվում է Մերձավոր Արևելքում Մոսկվայի և Վաշինգտոնի աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մշտապես առկա է այդ տրամաբանությունը, նրանք փորձում են սահմանափակել միմյանց ազդեցությունը տարածաշրջանում իրենց դաշնակիցների միջոցով։ Բացի այդ, Մոսկվան շահագրգռված է նրանում, որ Իրանը դառնա տարածաշրջանում Թուրքիային լիարժեքորեն հակակշռող ուժ։ Մոսկվան փորձում է խաղարկել այդ երկու խաղաթղթերը, որպեսզի Թեհրանի և Անկարայի ազդեցությունները հավասարակշռեն միմյանց»,- Deustche Welle-ին ասել է Բուլեքը։ 

Իսրայելական Haaretz-ի հոդվածագիր Անշել Փֆեֆերը գրում է, Պուտինը շահագրգռված է և՛ Իսրայելի, և՛ Իրանի շահերի վերահսկմամբ։ Նեթանյահուն, նրա պնդմամբ, պահանջել է, որ Թեհրանին չթուլյատրվի Սիրիայում մշտական ռազմական ներկայություն հաստատել։ Վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները՝ հեղինակը նշում է, որ Պուտինը մտադիր չէ Իրանից պահանջել հեռացնել իր ռազմական խորհրդատուներին Սիրիայից, սակայն փորձելու է կանխել իսրայելական մեծ միջամտությունը Սիրիայում և պատրաստ է երաշխավորել, որ Սիրիան չի դառնա Իսրայելի դեմ հարձակումների հարթակ։

Անդրադառնալով Ադրբեջանին՝ Փֆեֆերը գրում է, որ այս երկիրը շատ սերտ կապեր ունի Իսրայելի հետ։ Ու չնայած Թեհրանի հետ Բաքվի լարված հարաբերություններին՝ իսրայելցի հետախույզները այդ երկիրը շարունակում են անվանել «Իսրայելի համար հետնամուտք դեպի Իրան»։