2 նոյեմբեր, 2017 11:57

Պուտին-Ռոհանի-Ալիև գագաթաժողով Թեհրանում․ կողմերը գոհ են արդյունքներից

Երեկ Թեհրանում կայացած՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ գագաթաժողովն ամփոփվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի գագաթաժողովը բնութագրել է որպես անցյալ տարվա օգոստոսին Բաքվում եռակողմ հանդիպման շարունակություն։ Ռոհանիի խոսքով՝ բավական լավ քայլեր են ձեռնարկվել Հյուսիս-Հարավ միջանցքի, գազի և նավթի ոլորտում համագործակցության առումով։

Իրանի նախագահը տեղեկացրել է, որ ռուսաստանյան մեծ նավթային ընկերությունները ներկայում բանակցություններ են վարում իրանական կողմի հետ՝ վերջինիս նավթային նախագծերում ներգրավվելու համար։

«Բանակցություններ ենք վարում նաև Ադրբեջանի նավթային և գազային ընկերությունների հետ, հատկապես Կասպից ծովում նավթի արդյունահանման ոլորտում փոխգործակցության շուրջ»,- ասել է Իրանի ղեկավարը։

Իրանը, նրա խոսքով, մտադիր է նաև ընդլայնել տնտեսական համագործակցությունը Եվրասիայի հետ՝ նշելով, որ երեք երկրների միջև չափանիշների միօրինականացումը և կանաչ մաքսային միջանցքների ստեղծումը, բանկային համակարգերի փոխկապակցումը Իրանին Ռուսաստանին և Ադրբեջանին «պայծառ ապագա են խոստանում»։

Պուտինը «գոհ է» հանդիպման արդյունքներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նույնպես գոհացրել են Իրանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հանդիպման արդյունքները։

«Մենք քննարկեցինք կարևոր հարցեր հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, սակայն անկյունաքարային խնդիրներն անշուշտ տնտեսական բնույթի են»,- լրագրողների առաջ ելույթ ունենալով՝ ասել է Պուտինը։ Որպես օրինակ նա բերել է Հյուսիս-Հարավ միջանցքը, որն արդեն փորձնական գործարկվել է․ անցյալ տարի Հնդկաստանից մատակարարումներ են իրականացվել Իրանի տարածքով դեպի Ռուսաստան։

«Այդ երթուղին ցույց է տվել իր տնտեսական նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»,- նկատել է ՌԴ նախագահը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Իրանի հյուսիսին՝ Ադրբեջանի խողովակաշարային համակարգի միջոցով։

«Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ չնայած ածխաջրածինների մեծածավալ արտադրությանը մեր երկրներից յուրաքանչյուրում, որքան էլ տարօրինակ է՝ առկա է այդ հումքի՝ միմյանց մատակարարման հանդեպ հետաքրքրություն՝ նկատի ունենալով ներքին լոգիստիկան»,- ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարը հիշեցրել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքներում համագործակցության «լավ հնարավորությունների» մասին, նախևառաջ, Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի արևմտյան ճյուղի ստեղծման շրջանակում։ Պուտինն աջակցություն է հայտնել Թեհրանին Ռեշտ-Աստարայի շինարարության հարցում։

Հյուսիս-Հարավ երթուղով բեռները պետք է անցնեն Հնդկաստանի տարածքով դեպի Պարսից ծոց, Իրան, Ադրբեջան և Ռուսաստան՝ Սկանդինավիայի և Հյուսիսային Եվրոպայի ուղղությամբ ընդամենը 14 օրում։ Ներկայում կոնտեյներները Իրանից Ադրբեջան են տեղափոխվում բեռնատար մեքենաներով, ապա բեռնվում են Աստարայի երկաթուղային կայարանի պլատֆորմների վրա և ուղարկվում Ռուսաստան։

Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։ Ադրբեջանը Իրանին կտրամադրի 500 մլն դոլարի վարկ՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։

Թեհրանում տեղի են ունեցել նաև Պուտին-Ալիև, Ալիև-Ռոհանի երկկողմ հանդիպումներ։ Ըստ իրանական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ու Ռոհանին ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։