2 նոյեմբեր, 2017 14:46

Կորցրեցինք ոչ միայն Քավալայի ազատությունը, այլև ժողովրդավարության մեր հույսը․ «Անադոլու Քուլթուր»

Ստամբուլի դատարանը Թուրքիայի հայտնի իրավապաշպան, գործարար, «Անադոլու Քուլթուր» կազմակերպության նախագահ Օսման Քավալային կալանավորելու որոշում է ընդունել, հաղորդում է Hurriyet Daily News-ը։ 

Քավալան ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում հոկտեմբերի 18-ին՝ «գաղտնի հետաքննության» շրջանակում։ Օսման Քավալային կասկածում են 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ, որը, թուրքական իշխանությունների վարկածով, կազմակերպել էր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Քավալային մեղադրում են հեղաշրջման փորձի «կազմակերպիչներից մեկի» հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Բացի այդ, Քավալան մեղադրվում է 2013թ․ Գեզիի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ։

Օսման Քավալան Թուրքիայի նշանավոր իրավապաշտպաններից ու հասարակական գործիչներից է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով։ Քավալայի «Անադոլու Քուլթուր» կազմակերպությունը Հայաստան-Թուրքիա կարգավորման ծրագրի կոնսորցիումի ութ անդամներից մեկն է։ Կոնսորցիումում ընդգրկված է չորս կազմակերպություն Հայաստանից, չորսը՝ Թուրքիայից։

Քավալայի հետապնդմանը հոկտեմբերի 24-ի ելույթում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ակնարկելով նրա և ավելի վաղ Ստամբուլում ձերբակալված՝ ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի միջև կապին։

«Նրանց միջև կապը ջրի երես է դուրս եկել»,- ասել է Էրդողանը՝ Քավալային անուղղակիորեն անվանելով «Թուրքիայի Սորոս»։ 

Թուրքիայի առաջնորդը խոստացել է պայքարել նրանց դեմ, ովքեր «խարխլում են պետության հիմքերը ներսից»։

«Մենք կորցրեցինք ոչ միայն Օսման Քավալայի ազատությունը, այլև ժողովրդավարության, խաղաղության և օրենքի գերակայության մեր հույսը»

Ամուսնու՝ Օսման Քավալայի կալանավորումից հետո հայտարարություն է տարածել «Անադոլու Քուլթուրը»՝ Քավալայի կնոջ՝ Այշե Բուղրայի անունից։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ քննությունը տարվում է գաղտնի և նշում, որ հայտարարություն է հրապարակում՝ պայմանավորված որոշ լրատվամիջոցների կողմից Քավալայի դեմ սկսված արշավով։

«Վերոհիշյալ որոշումը անհանգստացնող է, քանի որ հաղորդակցության գաղտնալսման և ֆիզիկապես հետևելու մասին հաղորդագրությունները վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ FETÖ/PDY-ի [Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն անվանում են FETÖ՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն», PDY-ը այսպես կոչված «զուգահեռ պետությունն է» - ՍիվիլՆեթ] անդամները գործող պաշտոնյաներ էին, և յուրաքանչյուր որոշում, որը հիմնվում է այս պնդումների վրա, քննվող ժամանակահատվածի ակնհայտ օրինականացում է։ Ավելին, դա նշանակում է, որ Օսման Քավալան ներգրավված է եղել հեղաշրջման փորձում այն կազմակերպության անդամների հետ միասին, որը հավաքել է Քավալայի ձերբակալությանը հանգեցրած ապացույցներ, ինչը անօրինական լինելուց բացի, ողբալի է և ծիծաղելի միաժամանակ։

Օսման Քավալայի կալանավորման որոշմամբ մենք կորցրեցինք ոչ միայն նրա ազատությունը, այլև ժողովրդավարության, խաղաղության և օրենքի գերակայության մեր հույսը»,- ասված է Քավալայի կնոջ հայտարարությունում, որը տարածել է «Անադոլու Քուլթուրը»։