13 նոյեմբեր, 2017 17:01

Գազով ավտոմեքենաների անվտանգութան վերահսկողությունը կխստացվի

Կառավարությունը քննարկել է գազալցակայանների գործունեության օրենսդրական փոփոխությունների փաթեթը, այս մասին հաղորդում է կառավարության կայքը:

Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազալցակայանների և գազաբալոնների շահագործման գործում առկա խնդիրների լուծման վերաբերյալ օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը:

«Զեկուցվել է, որ վերը նշված փաթեթով առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալանների տեղադրումը և ըստ սահմանված ժամանակացույցի ճնշափորձարկումը, ինչի նպատակն է նախ և առաջ բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը:

Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում են նաև վերահսկողության այլ միջոցառումներ: Վարչապետն անհրաժեշտ է համարել առավելագույնս պարզեցնել լիցենզավորման մեխանիզմը և անվտանգության բարձրացման գործում կարևորել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներգրավվածության ընդլայնումը:

Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, հանձնարարել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը ևս մեկ անգամ լրամշակել և այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Զեկուցվել է նաև, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր ենթարկել տեխնիկական զննության: Նշվել է, որ այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Ոստիկանությունը»,- ասվում է հաղորդագրությունում: