14 նոյեմբեր, 2017 08:54

«Լավաշ»․ ԱՄՆ-ում կհրատարակվի հայկական խոհանոցին նվիրված գիրք

ԱՄՆ-ի հեղինակավոր Chronicle Books հրատարակչությունը կտպագրի Հայատանի և Արցախի խոհանոցին նվիրված «Լավաշ» գիրքը։ Գրքի նախաձեռնողներ և հեղինակները՝ ԱՄՆ-ից մրցանակակիր գրող Քեյթ Լիհին, գաստրոնոմիկ լուսանկարիչ Ջոն Լին և շեֆ խոհարար Արա Զադան այս շաբաթ ժամանել են Հայաստան։ Նրանք սկսել են գրքի առաջին փուլի ուսումնասիրությունները՝ մեկնելով երկրի տարբեր մարզեր, որպեսզի գտնելու հայկական խոհանոցի ուտեստների պատրաստման ավանդական ձևերը։ 

Լուսանկարիչ Ջոն Լին նախկինում վարել է գաստրոնոմիկ լուսանկարչության աշխատարան Թումո Երևանում, իսկ Արա Զադան խոհարարական աշխատարան՝ Թումոյի նոր անալոգային նախագիծ Թումո ստուդիաներում։ Գրքի նկարահանման և ուսումնասիրությունների ամբողջ ընթացքում խմբի հետ աշխատելու, նրանց օգնելու և նրանցից սովորելու են Թումոյի մի խումբ ուսանողներ։

Գիրքը կներկայացնի Հայաստանի և Արցախի խոհանոցը՝ նախուտեստներից ու հիմնական ուտեստներից մինչև աղանդեր։ Շեշտը կդրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված լավաշի վրա, որը հայկական խոհանոցի խորհրդանիշներից մեկն է։

Նոյեմբերի 15-ին Քեյթ Լիհին, Ջոն Լին և Արա Զադան բաց հանդիպում կանցկացնեն Թումո ստուդիաներում (Պուշկինի 38)։ Հանդիպման ընթացքում նրանք Հայաստանի հանրությանը կներկայացնեն «Լավաշ» գրքի գաղափարը, ինչպես նաև մոտից կծանոթացնեն խոհարարական գրքերի ոլորտին և դրանց ստեղծման գործընթացին։