14 նոյեմբեր, 2017 12:37

Մինչև օրենքը հետ չկանչեն, հացադուլը չենք դադարեցնի․ Դավիթ Պետրոսյան

Մեր առաջնային պահանջն է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հետ կանչվի։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» շարժման նախաձեռնող Դավիթ Պետրոսյանը, որը իր չորս ընկերների հետ հացադուլ է հայտարարել։

Պետրոսյանը ընկերների հետ նոյեմբերի 14-ի առավոտից փակվել է Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկում։ Պետրոսյանը նշեց, որ մինչև օրենքը հետ չկանչվի, հացադուլը չեն դադարեցնի։

«Յուրաքանչյհուրը պետք է պատրաստ լինի անհարմար վիճակում հայտնվել, որպեսզի ընդհանուր խնդիրը լուծվի։ Եթե մենք բոլոր հարցերը սկսենք մեր անձնական շահերի տեսակետից, մենք որևէ բանի չենք հասնի։ Օրենքի հետկանչման դեպքում մենք արդեն կքննարկենք մյուս տարբերակները»,- ասաց հացադուլ անող ուսանողը։

Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրադարձությունների հետագա զարգացումից պարզ կլինի նաև իրենց հետագա որոշումները։

«Մենք խնդրում ենք բոլորին, որպեսզի մեզ վրա չկենտրոնանան, սա պայքարի միայն մեկ մեթոդը չէ, և կոչ ենք անում բոլորին, որ դրսում գտնվող մեր ընկերներին աջակցեն թե՛ խորհուրդներով, թե՛ ֆիզիկապես։ Համախմբում պետք է տեղի ունենա ոչ թե այն անձանց շուրջ, ովքեր անում են դասադուլ, այլ շարժման գաղափարի շուրջ, իսկ շարժումը և գաղափարը տեղի է ունենում դրսում»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ պատրաստվում են այստեղ մնալ նաև գիշերը։