14 նոյեմբեր, 2017 16:01

Նալբանդյանը քննարկել է ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորությունը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության) Մինսկի խմբի համանախագահներին, այս մասին հաղորդում է արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող նախարար Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Քննարկվել է նաև առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։