14 նոյեմբեր, 2017 11:03

Ռուս և Վրաց ուղղափառ եկեղեցիները փորձում են լուծել Աբխազ եկեղեցու հարցը

Աբխազ ուղղափառ եկեղեցին տարիներ ի վեր ենթարկվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն։ 2009թ․, սակայն, այն անջատվել է Վրաց ուղղափառ եկեղեցուց և մտել Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ։ Աբխազ եկեղեցու մի մասը, սակայն, չէր միացել Ռուս ուղղափառ եկեղեցուն։ Այժմ, պարզվում է, որ Վրաց և Ռուս ուղղափառ եկեղեցիները պատրաստ են համատեղ լուծել Աբխազ ուղղափառ եկեղեցու պառակտման հարցը։ Թեմային անդրադարձել է Eurasianet.org կայքի հոդվածագիր Բրդելի Ժարդինը (Bradley Jardine):

Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները խզել են պաշտոնական հարաբերությունները և հակամարտության մեջ են անջատված Աբխազիայի հարցում: Երկու պետությունների եկեղեցիները, սակայն, զարմանալի համատեղ դիվանագիտական ջանքեր են գործադրում՝ աբխազական եկեղեցու պառակտումը վերացնելու ուղղությամբ։

Նոյեմբերի 1-ին Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Միտրոպոլիտ Իլարիոնը հանդիպել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա երկրորդի հետ: Այցը կազմակերպվել էր, որպեսզի Իլարիոնը կարողանա Իլյային հրավիրել դեկտեմբերի 4-ին կայանալիք Ռուսաստանի պատրիարքարանի վերականգնման 100-ամյակի տոնակատարությանը:

Այնուամենայնիվ, բարձրաստիճան ռուս հոգևորականի արտասովոր այցելությանը շուտով անդրադարձան Աբխազիայի զգայուն խնդրին՝ 1990-ականներին Վրաստանից անջատված տարածք, որի դե ֆակտո կառավարությանը մեծապես աջակցում է Ռուսաստանը։

«Մենք պատրաստ ենք սկսել աշխատանքները, քանի որ կան լուծում պահանջող շատ խնդիրներ»,- ասել է Իլարիոնը։

Իլյա Երկրորդը արձագանքեց` հայտարարելով բանաձևի արագացմանն ուղղված նոր ջանքերի մասին։ «Ինձ հայտնել են, որ այս խմբավորման միջև պառակտում կա, Վիզարիոն Ապլիան և մյուսները,- ասել  է նա:- Աբխազիայի ներկայացուցիչն այստեղ էր եկել և պատմել ինձ այս պառակտման մասին»:

«Աբխազիայի ներկայացուցչի» անունը մնացել է անհայտ:

Պառակտումը սկսվել է 2011թ․, երբ Աբխազիայի Նոր Աթոս վանքը գրավվեց Սուրբ Մետրոպոլիտանատի կողմից՝ Դորոֆեի Դբարի գլխավորությամբ: Հակամարտության մյուս կողմը, որն իրեն անվանում է Աբխազ ուղղափառ եկեղեցի, գտնվում է քահանա Վիզարիոն Ապլիայի ղեկավարության ներքո:

Վիզարիոնի ղեկավարության ներքո Աբխազ ուղղափառ եկեղեցին կրոնական որոշումների հարցերում դիմել է Մոսկվայի պատրիարքին, այլ ոչ թե Վրաց ուղղափառ եկեղեցուն: Եկեղեցու վարդապետ Դբարի ղեկավարության ներքո՝ եկեղեցին ինքնավար կլինի և՛ Մոսկվայից, և՛ Թբիլիսիից:

Վարդապետ Դբարը պնդում է, որ այդ հարցում Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը կողմնակալ է: «Ռուս ուղղափառ եկեղեցին հազիվ թե կարող է ձևացնել, որ անկողմնակալ է և հակամարտող կողմերի նկատմամբ»,- ասել է նա:

Աբխազ ուղղափառ եկեղեցին գոյություն է ունեցել 2009-ից, երբ Սուխումի-աբխազական եպիսկոպոսությունը հայտարարեց, որ այլևս իրեն չի համարում Վրաց ուղղափառ եկեղեցու մի մասը:

«Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասությունը [Աբխազիայում],- «Ազատություն» ռադիոկայանին ասել է աստվածաբան Լևան Աբաշիձեն:- Պետք է լինի երկխոսություն, նույնիսկ եթե դա չնշանակի, որ երկու կողմերի համար ընդունելի լուծում կլինի»:

Մյուսները թերահավատորեն են վերաբերվում Ռուս ուղղափառ եկեղեցու մտադրություններին: «Ռուսաստանը միայն սեփական կանոններով է խաղում և միայն սեփական շահերն է հետապնդում, անկախ ոլորտից՝ լինի դա քաղաքական, թե եկեղեցական»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Աբաշիձեի գործընկեր Լադա Նարսիան:

Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին համաձայնել է, որ քննարկումը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի դիրքերը Աբխազիայում:

«Չեզոքությունը, որին Վրաց եկեղեցին հավատարիմ մնաց, ավելի լավ էր, քան Ռուսաստանի օգտին այսպիսի ներգրավվածությունը։ Դա լավագույն դեպքում ոչինչ չի տա, իսկ վատագույն դեպքում` աբխազներին էլ ավելի կօտարի Վրաստանից»,- ասել է նա։

Ոմանք պնդում են, որ Վրաց ուղղափառ եկեղեցու դիրքորոշումը կխթանի ռուսացումը։

«Ռուսաստանին պետք է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին լեգիտիմացնի Աբխազիայում ռուսաֆիկացմանը դեմ ուժերի նկատմամբ հետագա բռնությունները։ Ռուս ուղղափառ եկեղեցին արդեն երկար տարիներ այս քաղաքականությունն է իրականացնում»,- ասել է աստվածաբան Բեկ Մինդիաշվիլին:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի