100-ամյակը պետք է լիներ մեր ուսուցիչը

2018 թվականը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունների հիմնադրման 100-ամյակն է:

Հայաստանի և Վրաստանի համար 1918-ի մայիսը պետականությունը վերականգնելու թվականն է, Ադրբեջանի համար՝ պետականության ստեղծման:

Հայաստանը 1918-ի մայիսին իր պետականությունը վերականգնեց Բագրատունյաց անկումից մոտ 900 և Կիլիկյան պետականության կորստից շուրջ 500 տարի անց:

Երբ Բագրատունյաց Հայաստանը 1045-ին կորցրեց անկախությունը, հարևան Վրաստանը իր պետականությունը կարողացավ պահպանել մինչև 18-րդ դարի վերջը, 19-րդ դարի սկիզբը: Անդրկովկասի մուսուլմանների Ադրբեջան պետությունը աշխարհի քաղաքական քարտեզին առաջին անգամ հայտնվեց 1918-ի մայիսին:

Այս երեք հանրապետությունների ինչպես հիմնադրման ու զարգացման, այնպես էլ անկման պայմաններն ու պատճառները տարբեր էին:

Ադրբեջանը բոլշևիկացվեց 1920-ի ապրիլին՝ փաստացի չդիմադրելով ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներխուժմանը: Հայաստանը դիմադրեց և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ճակատում, սակայն ընկավ ռուս-թուրքական կամ բոլշևիկ-քեմալական հարվածների տակ 1920-ի դեկտեմբերի 2-ին: Վրաստանը իր անկախությունը կորցրեց ռուսական հարվածների տակ 1921-ի փետրվարին:

Այս երեք հանրապետությունները 2018-ին նշելու են 100-ամյակները և դրանք լինելու են կամ պետք է դառնան կարևորագույն իրադարձություններ: Անշուշտ, տրամաբանական կլիներ, եթե այս երեք հանրապետությունների ղեկավարությունները քաղաքական կամք դրսևորեին և 100-ամյակի գոնե մեկ համատեղ ձեռնարկ կազմակերպեին: Թբիլիսին նման ձեռնարկի օրինական և արդարացված վայր կարող էր դառնալ, քանի որ երեք հանրապետություններն էլ հռչակվել են Վրաստանի մայրաքաղաքում: Հասկանալի է, որ Ադրբեջանը չի ցանկանա նման քայլ կատարել՝ հղում անելով Ղարաբաղյան չլուծված հակամարտությանը:

Ինչպե՞ս է նշվելու 100-ամյակը Հայաստանում

Արդեն իսկ մտահոգիչ և անլուրջ է, երբ Հայաստանի ղեկավարները 2018-ի կարևոր իրադարձություններ են նշում և նույն շարքին դասում Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը, Երևանի 2800-ամյակը և Հայաստանի Հանրապետության 100-ամյակը:

Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը շուտ մոռացվող և ավելի շատ քարոզչական իրադարձություն է դառնալու: Անշուշտ, լավ է, որ նման տարողության ձեռնարկ հյուրընկալելու է Հայաստանը:

Երևանի 2800-ամյակի նշումը վիճելի է պատմական տեսանկյունից: Վիճելի է նաև Էրեբունի-Երևան կապը:

Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, մինչդեռ, վիճելի չէ, և կարելի է համարել հրաշք ու հայոց պատմության ամենակարևոր ձեռքբերումներից: Մի պահ մի կողմ թողնենք, թե ինչ պայմաններում և ինչպես անձև քաոսից ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Մի պահ կողմ թողնենք, որ Հանրապետությունը ստեղծեց 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա միայն: Եվ կրկնենք, որ Հայաստանի Հանրապետության անշուք ծնունդը հայոց պատմության հրաշքներից էր: Եվ այն իրողությունը, որ այսօր ունենք Հայաստան, որի զինվորները կանգնած են 42 հազար կիլոմետր տարածքով երկրի սահմաններում, պարտական ենք 1918-ի Մայիսին ու Հանրապետությունը կերտող հայրերին՝ Հովհաննես Քաջազնունուն, Արամին, Դրոյին, Մովսես Սիլիկյանին, մյուս նվիրյալներին, բայց առաջին հերթին՝ Արարատյան աշխարհի հայ ժողովրդին:

Տրամաբանական կլիներ, եթե երեք հանրապետությունների ղեկավարությունները քաղաքական կամք դրսևորեին և 100-ամյակի գոնե մեկ համատեղ ձեռնարկ կազմակերպեին

2018-ի ընթացքում Հայաստանում և Սփյուռքում հավանաբար կլինեն 100-ամյակի բազմաթիվ միջոցառումներ:

Անկասկած, այդ միջոցառումներում ավելի շատ իշխելու է պաթոսը, նշվելու են Հանրապետության լուսավոր կետերը, հերոսացվելու են անհատներ, առանձին դրվագներ: Սա էլ բնական է, քանի որ 100-ամյակը տոն է, և տոներին բնորոշ են պաթոսը, ծափերը, հերոսական անցյալի փառաբանումը:

Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր և անհրաժեշտ է, որ 100-ամյակը դառնա ինչպես ներշնչանքի ու հպարտության, այնպես էլ դասեր քաղելու առիթ և աղբյուր:

100-ամյակը պետք է դառնա Հանրապետության հիմնադիր հայրերի՝ ժողովրդին ու պետությունը փրկելու հերոսական մաքառումները գնահատելու, բայց նաև կոպտագույն սխալները մատնանշելու ճիշտ ժամանակ:

Մենք պետք է և նշելու ենք Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտերը, բայց պետք է նաև քաջություն ունենանք (առանց մատներ տնկելու այս կամ այն անհատի, այս կամ այն քաղաքական ուժի հասցեին) խոսելու Կարսի և Սուրմալուի շրջանների կորստի մասին:

Եթե Սարդարապատն ու Բաշ Ապարանը որևէ անհատի ու քաղաքական ուժի ձեռքբերումն է միայն (ինչը ճիշտ չէ), ապա Կարսն ու Սուրմալուն ևս պետք է լինի անհատի ու քաղաքական ուժի կոպտագույն սխալը (ինչը նույնպես ճիշտ չէ):

Հայաստանի Հանրապետության ծագման, զարգացման և անկման 1000 օրերից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր բաց, կառուցողական քննարկման թեման՝ զերծ բոլոր տեսակի տաբուներից:

Այո՛, 1918-ի Մայիս-Հունիսը մեր հազարամյակների պատմության ջրբաժանն է. մինչև 1918-ի Մայիս չունեինք պետություն և պետականույթուն, իսկ 1918-ի Մայիսից ունեցանք, կերտեցինք այդ պետականությունն ու պետությունը: Բայց այս իրողությունը չպետք է մեզ ստիպի չխոսել բացթողումների ու սխալների մասին:

Մենք պետք է դասեր քաղենք նաև մե՛ր պատմությունից:

100-ամյակը պետք է լիներ մեր ուսուցիչը:

Մեկնաբանել