29 նոյեմբեր, 2017 10:07

Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան. Զարիֆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Սերժ Սարգսյանը հանդիպման առիթով մեկ անգամ ևս իր զորակցությունն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին ավերիչ երկրաշարժի հետևանքով կրած վնասների կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ Իրանը կարճ ժամանակում կվերացնի աղետի հետևանքները:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Մոհամմադ Ջավադ Զարիֆի խոսքով՝ չնայած հայ-իրանական միջպետական հարաբերություններն արդեն 25 տարեկան են՝ ամրապնդված քաղաքական սերտ կապերով, սակայն երկու ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր են: Նախարար Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը հատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի, այդ թվում՝ նրա մաս կազմող Իրանի հայ համայնքի հանդեպ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը: Արտգործնախարար Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:

Նա ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ այսօրվա բանակցությունների հիմքում ընկած են եղել հատկապես այդ ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված նաև Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը: