29 նոյեմբեր, 2017 10:54

Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուտափույթ բացմամբ․ Իրանի ԱԳ նախարար

 

Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում․ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է  Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և՛ հայաստանցի, և՛ իրանցի, և՛ երրորդ երկրների գործարարների համար:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում:

Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը և արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության շուրջ:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) առաջին փուլի շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին, հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։

Կարայանը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ։

***

Կառավարությունը օգոստոսի 3-ի նիստում որոշում էր ընդունել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին և ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ և ընդհանուր սահման Իրանի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել ՀՀ-ում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

Սյունիքի մարզի տարածքում ԱՏԳ մեկնարկը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: ԱՏԳ կառուցումը ենթադրում է փուլային բնույթ. առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական և պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա։

2016թ․ օգոստոսին ՀՀ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մեղրի այցի արդյունքներով կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր․ «Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ»։