30 նոյեմբեր, 2017 12:13

Իրանն առաջարկում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հասցնել մինչև Թավրիզ

Իրանն առաջարկում է մեկ ամիս առաջ բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հասցնել մինչև Թավրիզ, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։ 

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահմադ Ախունդին հայտարարել է, որ հարցի շուրջ քննարկում է տեղի ունեցել թուրքական կողմի հետ, ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ 

«Սա մեծ նախագիծ է։ Եթե այն կյանքի կոչվի, կստեղծվի օղակաձև երկաթուղի։ Իրանն ու Թուրքիան նախագիծն իրականացնելու համաձայնության են եկել»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքին՝ Ախունդին ասել է, որ այն կկարողանա մրցել տարածաշրջանային և գլոբալ միջանցքների հետ։

«Վստահ եմ՝ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Ուկրաինան հաջողությամբ կհամագործակցեն այս նախագծի շուրջ»,- ասել է պաշտոնյան։ 

Հոկտեմբերի 30-ին Բաքվում տրվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մեկնարկը։

Շուրջ 800 կմ-անոց երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, մոտ 300 կմ-ն՝ Վրաստանի, մոտ 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։

2007թ. փետրվարի 7-ին Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիր: Շինարարարությունը սկսվել է 2008-ին։ Հայաստանը շրջանցող նախագծի վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ` ընդհանուր 775 միլիոն դոլար: Նախնական փուլում նախատեսվում է, որ երկաթուղին կտեղափոխի տարեկան մոտ մեկ մլն ուղևոր և մոտ 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։ 

Որքանո՞վ է մրցունակ Կարս-Ախալքալաք երկաթուղին․ Eurasianet-ի անդրադարձը