7 դեկտեմբեր, 2017 12:25

«Ծիծաղի առարկա» Պուտինն ու 2018-ի «չընտրությունը»․ ՌԴ ընդդիմադիրների արձագանքը

Վլադիմիր Պուտինը բռնել է ծիծաղի առարկա դառնալու ճանապարհը․ այսպես է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ, «Յուկօս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի ղեկավարի պաշտոնում չորրորդ անգամ առաջադրվելու որոշումը։

«Ծիծաղելի է և տխուր։ Եթե հեռանար 2008-ին, մարդկանց հիշողության մեջ կմնար գերազանցության մեծ նշանով (չնայած «Յուկօս»-ին)։ Եթե հեռանար հիմա՝ որպես հակասական ֆիգուր։ Այժմ բռնել է ծիծաղի առարկա դառնալու ճանապարհը։ Երկիրն է ափսոս»,- Թվիթերում գրել է Խոդորկովսկին։

Ֆեյսբուքում ընդդիմադիրը գրել է․ «Վլադիմիր Պուտինը հայտարարել է առնվազն ևս մեկ ժամկետ նախագահի պաշտոնն զբաղեցնելու իր մտադրության մասին։

Տարեց մարդ, որը 18 տարվա բացարձակ իշխանության օրոք կարող էր կյանքի կոչել իր ցանկացած մտահղացում, սակայն ի վերջո հեքիաթային կերպով հարստացրել է իր մերձավորների նեղ մի շրջանակ։

Մարդ, որը 18 տարվա ընթացքում կախվածության մեջ է ընկել իր շրջապատից, որը վերածվել է երկիրը թալանող հանցավոր խմբի (կամ որը մշտապես այդպիսին է եղել, Բանդիտական Պետերբուրգի ժամանակներից)։

Սպասելի լուր, որը դրանից ավելի հաճելի չի դառնում։ Դա նշանակում է, որ երկիրը կկորցնի ևս վեց տարի։

[...]

Իր առաջին նախագահական ժամկետի սկզբին Պուտինը զբաղված էր հարկային, բյուջետային և վարչական բարեփոխումներով, աջակցություն էր փնտրում տարբեր քաղաքական ուժերի շրջանում, կառուցում էր կոալիցիաներ և մտահոգ էր երկրի զարգացման հարցերով։

Այժմ մերկացնում է օտարերկրյա հատուկ ծառայությունները, որոնք նենգաբար տիրանում են ռուսաստանցիների կենսաբանական նյութին։

Նախագահական իշխանությունն այսօր ծառայում է որպես կրեմլյան հանցավոր խմբի՝ համակուրսեցիների, ձյուդոյի զուգընկերների, թիկնապահների, քարտուղարի և խոհարարի շահերի քող։ Մարդկանց շահեր, որոնք չեն լինելու ընտրաթերթիկներում, բայց որոնց նեղ շահերը կանխորոշելու են մեր կյանքը առաջիկա վեց տարիներին։ Եվ միակ հարցը, որն այսօր հուզում է Պուտինին և նրա շրջապատը՝ իշխանության որքան հնարավոր է երկարաժամկետ պահպանումն է։

2018թ․ ընտրություններ չեն լինելու։ Չի կարելի ընտրություն անվանել նախագահի պաշտոնում Պուտինի վերանշանակման ձևական գործընթացը, որի արդյունքներով որևէ մեկը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, մենիշխանության համակարգը չի փոխվելու և չի ապամոնտաժվելու։

Հետևաբար ես էլ անիմաստ եմ համարում ձևացնել, որ հավատում եմ որևէ մեկի հաղթանակին։ Չընտրությունը չունի հաղթող։ Քվեարկության օրը առաջարկում եմ գալ ընտրատեղամասեր և քվեարկել հարմար թեկնածուի օգտին (ոչ Պուտինի), եթե այդպիսին կլինի, կամ գրել նրա անունը, եթե այդպիսին չլինի։

2018-ի մարտին անհնար է հաղթել, քանի որ դա ընտրություն չէ։ Բայց հանդես գալ քաղաքական դիրքորոշմամբ կարելի է և պետք է։ Պետք է հիշել, որ գլխավոր մենամարտերը դեռ առջևում են, բայց դրանց պետք է նախապատրաստվել արդեն այսօր։ Քանի որ վեց կորած տարի դա չափազանց շատ է։ Հավատացեք՝ ես գիտեմ կորած տարիների արժեքը։ 

Առաջադրվելու մասին Պուտինի հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։

«Նա ցանկանում է իշխանության ղեկին մնալ 21 տարի։ Իմ կարծիքով՝ դա շատ է։ Առաջարկում եմ չհամաձայնել»,- գրել է Նավալնին։

2018թ․ ընտրություններին ընդդեմ բոլորի կարգախոսով հանդես եկող Քսենյա Սոբչակը մեկնաբանել է այսպես․ Ինչ-որ մեկը մտածում էր, որ այլ կերպ է լինելու։

Նրա կարծիքով Պուտինը իշխանության մոտ է մնալու և վեց տարի անց, և այնքան, որքան առողջությունը ների։

Պուտինը 65 տարեկան է։ Նա ղեկավարում է Ռուսաստանը 2000-ից։ 13 տարի նա անցկացրել է նախագահի պաշտոնում, ևս 4 տարի՝ որպես վարչապետ։ Հերթական անգամ առաջադրվելու մասին Պուտինը հայտարարել է երեկ։ 

Ստելլա Մեհրաբեկյան