7 դեկտեմբեր, 2017 11:24

Գորբաչովի առաջին և վերջին այցը Հայաստան ու Անդրկովկաս

1988 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք։

Մի քանի օր շարունակ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում աշխարհի առաջ բացվող Խորհրդային Միության տարածքով ամենափոքր հանրապետությունն էր։

Խորհրդային Միության արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում հայտարարեց, որ Միխայիլ Գորբաչովի մասնակցությամբ նախատեսված միջոցառումները տեղի չեն ունենա, իսկ նրա պաշտոնական այցերը Կուբա և Մեծ Բրիտանիա հետաձգվում են Հայաստանի աղետալի երկրաշարժի պատճառով:

Գորբաչովը շտապ վերադարձավ Մոսկվա, այնտեղից` Գյումրի, այն օրերին՝ Լենինական:

Իշխանության ղեկին գտնվելու մոտ վեցուկես տարիներին սա Խորհրդային Միության ղեկավարի առաջին և վերջին այցն էր Հայաստան ու Անդրկովկաս:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայից դեպի Գյումրի ուղղություն վերցրեց Միխայիլ և Ռաիսա Գորբաչովների օդանավը: Մինչ այդ արդեն Երևանում էին երկրի գրեթե բոլոր նախարարները, Գորբաչովը զանգահարել էր Թբիլիսի և Բաքու, որպեսզի ժամանեն նաև Վրաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Ջումբեր Պատիաշվիլին ու Աբդուլռահման Վեզիրովը:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարին Երևանի օդանավակայանում ժողովուրդը սուլեց:

Խորհրդային Հայաստանի վարչապետ Ֆադեյ Սարգսյանը այդ օրվա մասին գրել է. «Զանգահարում էին աշխարհի բոլոր ծայրերից և հարցնում, թե ինչով կարող են օգնել: Հաճախ էր զանգահարում Պատիաշվիլին: Զանգահարեց Վեզիրովը և ասաց, որ ուղարկել է երկու շարասյուն օգնություն: Բայց սահմանում (հայերը) օգնությունը հետ էին ուղարկել»:

Կյանքի վերջին տարիներին, տողերիս հեղինակի հետ մի զրույցում Ֆադեյ Սարգսյանը վրդովմունքով հիշեց, որ սահմանին հայերը հետ էին ուղարկվել երկու ամբարձիչ կռունկներ, որոնց կարիքը այնքան կարևոր էր փլատակներից մարդկանց դուրս բերելու գործում։

Ջերմ չէր նաև Գորբաչովի հյուրընկալությունը: Գյումրիից վերադառնալով Երևան` ԽՍՀՄ առաջնորդը նախքան իր կեցավայր մեկնելը մայրաքաղաքում՝ հենց փողոցում, շփվում է բնակիչների հետ:

Կոմկուսի հայ պաշտոնյաներից Լևոն Չախմախչյանը գրում է, որ երբ Գորբաչովը դուրս եկավ մեքենայից, առաջին հարցը Ղարաբաղի մասին էր: «Միխայիլ Սերգեեւիչը հենց նոր էր վերադարձել Լենինականից, և, թվում էր, երևանցիներին պետք է մտահոգեր աղետի գոտին: Փոխարենը նրան հարցրին` «Ե՞րբ է Ղարաբաղը միացվելու Հայաստանին»: Գորբաչովի արձագանքը կտրուկ էր: Ո՛չ նա և ո՛չ էլ Ռաիսա Մաքսիմովնան, չէին կարող հասկանալ` ինչպես է հնարավոր նման ծանր պահին մոռանալ պատուհասը և հարցնել Ղարաբաղից»:

Ֆադեյ Սարգսյանը ցավով նկատում է. «Պետք է ասեմ, որ նա (Գորբաչովը) և իր կինը խոր ցավով էին  նայում այդ (երկրաշարժի) ողբերգությանը: Իհարկե, ամենուր չէ, որ նրանց ընդունեցին հարկ եղած արժանապատվությամբ, իսկ որոշ տեղերում էլ սաստիկ վիրավորեցին: Դա վայել չէր մեր ժողովրդին և  ցավալի էր ինձ համար»:

Ջումբեր Պատիաշվիլին հիշում է` Գորբաչովն անկեղծ սրտացավությամբ էր տանում արհավիրքը:

Հայաստանից մեկնելուց առաջ Գորբաչովը խիստ քննադատեց Ղարաբաղ կոմիտեի գործողությունները։ Մի քանի օր անց սկսվեցին կոմիտեի անդամների ձերբակալությունները։ Հայաստանի ապագա առաջնորդները, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, գրեթե կես տարի անց կացրին «Բուտիրկա» և «Մատրոսսկայա տիշինա» բանտերում։