13 դեկտեմբեր, 2017 11:03

Երուսաղեմի հարցով Ստամբուլում արտահերթ գագաթաժողով է հրավիրվել

57 անդամ ունեցող «Իսլամական համագործակցության կազմակերպության» բարձրաստիճան ներկայացուցիչները դեկտեմբերի 13-ին հավաքվում են Ստամբուլում՝ արտահերթ գագաթաժողովի։ Նպատակն է՝ մշակել ընդհանուր մոտեցում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցում։

Գագաթաժողովը նախագահում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Միջոցառմանը մասնակցում են Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բանգլադեշի նախագահ Աբդուլ Համիդը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Մյուս երկրները ներկայացված են կառավարությունների ղեկավարների ու նախարարների մակարդակով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ գագաթաժողովի արդյունքներով Երուսաղեմի հարցով «կոշտ հայտարարություն» է ընդունվելու։ Այն, ըստ Չավուշօղլուի, ընդգծելու է, որ ԱՄՆ-ի «միակողմանի որոշումը ոտնահարում է միջազգային իրավունքը» և կոչ է անելու բոլորին ընդդիմանալ դրան և ճանաչել Պաղեստին պետությունը։ 

«Եթե մենք չպաշտպանենք Երուսաղեմն այսօր, ե՞րբ ենք դա անելու։ Եթե չպաշտպանենք իսլամական երեք ամենասրբազան վայրերից մեկը, ի՞նչը պետք է պաշտպանենք»,- հարցադրում է արել թուրք նախարարը։

ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը վերջին օրերի միջազգային օրակարգի թիվ մեկ թեմաներից է։ Օրերս այն քննարկել և քննադատել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը։ Որոշմանը դեմ են դուրս եկել նաև ԵՄ երկրները՝ մերժելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոչը՝ հետևել Թրամփի օրինակին և ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք։ Դոնալդ Թրամփի որոշումը որակվում է «ապակայունացնող» և իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացը խաթարող։