20 դեկտեմբեր, 2017 12:23

Հայաստանը դառնում է զբոսաշրջային հիթ ռուսաստանցիների շրջանում

Ամանորյա տոներին ռուսաստանցիների համար նախընտրելի ուղղությունների առաջին քսանյակում Հայաստանը 18-րդն է (+4 տոկոս հայտեր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), Վրաստանը՝ 8-րդը (+46 տոկոս հայտեր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), Ադրբեջանը՝ 10-րդը (+118 տոկոս հայտեր անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ «Կոմերսանտ» թերթը գրում է, որ ճգնաժամի տարիները ռուսաստանցի զբոսաշրջիկներին ստիպել են փնտրել նոր, առավել հարմար ուղղություններ, և Վրաստանն ու Հայաստանը երկու տարում դարձել են իսկական զբոսաշրջային հիթեր։ Նոր ֆավորիտ է դառնում նաև Ադրբեջանը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կեսին Վրաստան այցելությունների թիվն աճել է 86,6 տոկսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայաստան սկսել են այցելել 60,6 տոկոսով ավելի հաճախ, Ադրբեջան՝ 59 տոկոսով։

Զբոսաշրջային ոլորտի մասնագետները շեշտում են, որ կազմակերպված զբոսաշրջիկների շրջանում այս տարի պահանջարկի նշանակալի աճ է ցույց տաիս Հայաստանը․ մեկ տարում դեպի Հայաստան տուրերի վաճառքն ավելացել է երկուսուկես անգամ, ինչին նպաստել է ներքին անձնագրերով երկիր այցելելու հնարավորությունը։

Ընդգծվում է, որ Հայաստանն ունի կազմակերպված զբոսաշրջության զարգացման լավ պոտենցիալ։ Որպես օրինակ է բերվում Սևանա լիճը, որը փոխհատուցում է դեպի ծով ելքի բացակայությունը։

Կարդացեք նաև՝ Հայաստանը դարձել է ռուսաստանցիների սիրելի ձմեռային զբոսավայր։

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է ժամանել մոտ 1,2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ կամ 21 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Զբոսաշրջության պետական կոմիտեն կարծում է, որ մինչ տարվա վերջ այս ցուցանիշը կարող է հասնել ու գերազանցել 1,5 միլիոնը։ Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ասել է, որ իրենց գերխնդիրն արտերկրում Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է, քանի որ երբեմն օտարերկրացիները Հայաստանը շփոթում են Ալբանիայի ու Ռումինիայի հետ։

Հայաստանում զբոսաշրջիկների թվի հիմնական աճ ապահոված թոփ 5 երկրների առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն ու Ուկրաինան։