25 դեկտեմբեր, 2017 10:40

Իրանի խորհրդարանը Երուսաղեմը կճանաչի Պաղեստինի մայրաքաղաք

Կիրակի օրը Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց հրատապ օրինագծի, որով ճանաչում է Երուսաղեմը որպես Պաղեստին պետության մշտական մայրաքաղաք: Այս մասին հայտնում է Tehran Times թերթը։

Օրինագիծը ընդունվել է 187 կողմ, 15 դեմ և 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:Դա պատասխան էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը, որը առաջացրել էր միջազգային հանրության, հատկապես մահմեդական աշխարհի զայրույթը: Թրամփը նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխելու է սուրբ քաղաք:

Առաջարկը կկցվի պաղեստինյան ժողովրդին Իրանի աջակցությունը հաստատող օրենքի 1-ին հոդվածին։ Օրինագիծը հաջորդ 48 ժամվա ընթացքում կդրվի խորհրդարանի օրակարգում:

Իրանի իսլամական հանրապետությունը վաղուց հանդիսանում է պաղեստինյան ժողովրդի անքակտելի իրավունքների կողմնակիցը և կոչեր է հնչեցրել ողջ աշխարհի մահմեդական ազգերին միավորվել սիոնիստական ռեժիմի դեմ:

Դեկտեմբերի 21-ին  Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 128/9 ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը վերացնել այդ որոշումը: