31 դեկտեմբեր, 2017 09:46

Իրանում ցույցերն ուղեկցվում են անկարգություններով և բռնություններով

Իրանի մի շարք քաղաքներում սկսված բողոքի գործողություններն ուղեկցվում են անկարգություններով և
բռնություններով: Ցուցարարները հանդես են գալիս ինչպես նախագահ Հասան Ռոհանիի, այնպես էլ կրոնապետ,
այաթոլլա Ալի Խամենեիի և շիա հոգևորականության դեմ քննադատական կոչերով:

Երկու ցուցարարներ Իրանի արևմտյան Դորուդ քաղաքում ստացել են հրազենային վնասվածքներ: Բի Բի Սի-ն
հաղորդում է, որ նրանք մահացել են, միաժամանակ ընդգծելով, որ Իրանում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի
մասին հիմնականում տեղեկություններ են տարածվում սոցիալական ցանցերում, հետևաբար՝ դրանց հավաստի լինելը
շատ դժվար է ստուգել:

Տեսանյութերից մեկում երևում է, որ ցուցարարներըը այրում են ոստիկանական ավտոմեքենաներ: Իրանի հյուսիսային
Ահբար քաղաքում ցուցարարները վառել են այաթոլլա Ալի Խամենեի նկարներով մեծ ցուցապաստառներ: Իրանի
կենտրոնական Արաք քաղաքում ցուցարարները հրդեհել են իրավապահ մարմինների շտաբ-կայաններից մեկը:
Բի Բի Սիի պարսկական ծառայությունը հաղորդում է, որ մայրաքաղաք Թեհրանում ժողովուրդը հավաքվում է Ազադի
հրապարակում: Այնտեղ գտնվող ոստիկանների մի մասը հեռացել է տարածքից:

Անհանգիստ է նաև Իրանի մեծությամբ երկրորդ քաղաք Մեշհեդում: Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին:
Իրանի իշխանությունները հորդորել են քաղաքացիներին չմասնակցել ցույցերին, քանի որ դրանք հակաօրինական են և
խնդիրներ են ստեղծում ինպես իրենց, այնպես էլ մյուս քաղաքացիների նկատմամբ: Թեհրանը ցույցերը հրահրելու մեջ
մեղադրել է «հակահեղափոխականներին և օտարերկրյա գործակալներին»:

Իրանում երրորդ օրը շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Դրանք սկսվել
են իրանական քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից, որոնք վերածվել են զանգվածային
ցույցների՝ ներգրավելով մի շարք քաղաքներ և ստանալով քաղաքական երանգ:

Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս
եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝
ընտրություններում վիճելի հաղթանակի հետ: