Ռուսաստանում (Սովետում) սեքս չկա

Հրանտ Ջաղացպանյան

Պե՞տք է արդյոք մեր պաշտոնական մեդիան քննարկի ռուսաստանյան ներքինը:

Հայտնի հաղորդումից հետո, երբ Նավալնին երևաց հայաստանյան հեռուստատեսության էկրանին, աղմուկ բարձրացավ, և շատ-շատերը՝ սովորաբար խելամիտ անձինք,  ասացին, որ պետք չէ, փաստորեն նկատի ունենալով, որ խառնվում ենք ռուսաստանյան գործերին, մինչդեռ այն ուժեղ  է, վտանգավոր և, գոնե պաշտոնապես, ռազմական դաշնակից է, և ընդհանրապես «մեր» գործը չէ: Այս ձայները հնչեցին նույնիսկ մինչև տխրահռչակ Սոլովյովի ռեակցիան այդ փաստին: Ես չգիտեմ, ինչ սկզբունքով էր մեր հեռուստատեսությունը որոշել դա ցույց տալ, գուցե հաշվի առնելով, որ առաջին անգամ արդեն ռուսաստանյանով էլ էր Նավալնին երևացել: Սոլովյովի ռեակցիայից հետո կարծիքները, որ պետք չէր Նավալնուն ցույց տալ, շատացան: Ես, իհարկե, դատում եմ իմ ՖԲ-յան ժապավենով, բայց տպավորությունս դա էր:

Հիմնական թեզն այսպես է ձևակերպվում. թող Ռուսաստանում ինչ ուզում է լինի, «մեր» գործը չէ, «շառից հեռու»: Ծագում են բազում հարցեր. եթե այդքան բան է հաղորդվում Ռուսաստանի մասին, մի՞թե այդ հաղորդելիքը պիտի լինի միշտ սուտ և կիսատ, ընդօրինակելով Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդամամուլը: Այդ դեպքում ինչի՞ համար է հաղորդվում. «մեզ» է՞լ հիմարացնելու, ինչպես ռուսաստանյան պաշտոնական մամուլն է փորձում վարվել իր քաղաքացիների հետ: Ի՞նչ նպատակով: Եթե հաղորդվում է՝ գոնե, իրոք, նորմալ տեղեկություն հաղորդեք:

Երկրորդը. նշածս «շառից հեռու» թեզն ունի մի երանգ. «մենք», իբր, անկախ ենք, և «մեր» գործը չէ, այնտեղ ինչ է կատարվում: Իբր՝ «ռեալպոլիտիկ» կոչվածը կարող է յոլա տանել Ռուսաստանի հետ՝ միմյանց շահերից ելնելով, առանց «խառնվելու» նրա ներքին գործերին, որ չբարկացնի («Կարո՞ղ ա բարկանում ես»), և մանավանդ՝ քանի որ «մենք» այլևս Ռուսաստան չենք: Բայց․

– Մեր ժողովրդի կեսը, եթե ոչ մեծ մասը, Ռուսաստանի հետ կապ ունի, հսկայական քանակով ազգականներ այնտեղ, հսկայական քանակով նախկին կամ ներկա մեր քաղաքացիներ, որ այնտեղ էլ են քաղաքացի, և այլն: Հենց դրա համար է ռուսաստանյան դեսպանությունն ասում, որ ռուսերենը հատուկ դիրք պիտի ունենա: Էլ չի ասում (ամաչում է, և լավ է գոնե, որ ամաչում է), որ նույն երկրից ենք սերում, մինչդեռ.

– Մենք սերում ենք նույն երկրից, նույն պետական միավորումից՝ ԽՍՀՄ-ից (էլ չասած ցարական Ռուսաստանը), և որքան էլ այն ունենար գաղութատիրական բնույթ (կամ հենց դրա պատճառով էլ), մեր մշակույթները սերտաճել են. մտածողությունը, վարքը և այլն, հազար ու մի աղերս ունի հայաստանցու և ռուսաստանցու վարքը, ինչպես նաև ուկրաինացու, վրացու և այլն: Այն տարբերությամբ, որ Ռուսաստանը, լինելով մեծ երկիր, հզոր մշակութային ազդեցություն է: Բա չիմանա՞նք, ով է էնտեղի «փիղը խոհանոցում», որի անունը Պուտինը պարզապես հրաժարվում է ասել: Ոչ էլ նույնիսկ «չիմանանք», այլ ձև թափենք, թե չգիտենք, միայն թե չբարկացնենք սոլովյովների՞ն: Էդ երեսպաշտ քաղաքական ձև թափելը նույնպես ժառանգված է, մեր երկուսի կողմից էլ, ԽՍՀՄ-ից, և դա գողականախառը, հետամնաց ջայլամավարք է. ես ձև թափեմ, թե դու չկաս, և իմ աշխարհում կթվա, թե դու չկաս, մինչև որ… չպայթի: «Ռուսաստանում (Սովետում) սեքս չկա», և Նավալնին էլ, իբր, «չկա»: Էն էլ ոնց կա: «Բայց թե որտեղից են մեր երեխաները», ասում է Հրանտ Մաթևոսյանի հերոսը. հեղինակը կանխագուշակել էր սեքսի մասին այդ դրույթը մի տասնհինգ տարով:

– «Ռեալպոլիտիկի» էդ մոտեցումը նույնն է, ինչ Ստալինն էր անում Հիտլերի հետ. չխառնվենք իրենց ներքին գործերին, մեզ օգուտ լինի, փոխադարձ շահի վրա հենվենք… Կնքեց 1939 թ. համաձայնագիրը, հետո… Հիտլերն իրեն «քցեց»: Որովհետև անկանխագուշակելի, անհաշվարկելի, իրռացիոնալ, ոչ դեմոկրատական ուժի հետ անհնարին է ռացիոնալ հարաբերություններ կառուցել, ճիշտ ինչպես գողականի հետ: Իհարկե, Հիտլերը չ«քցեր»՝ Ստալինն էր «քցելու», քանի որ երկուսն էլ գողական էին պլստում: Բայց «մենք» հո գողական չե՞նք: Արդեն… մի երկու տարի…

– Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդիստական մամուլը լավ էլ հետաքրքրված է «մեր» ներքինով, ավելի շատ, քան, թվում է, մեզ պես «թույլ» հարևանի ստատուսը պիտի լիներ: Չխորանանք պատճառների մեջ. «մեր» ծանոթներն են, «մեր» փողը, իրենց շահը թե անկեղծ շնորհակալությունը, որ այս փոթորկոտ աշխարհում, չնայած իրենց՝ ռելսերից լրիվ դուրս գալը, մնում ենք դաշնակից և իրենց հարգող ու սիրող:

– Բայց անկախությունը հենց այդ է. եթե դու գործդ ճիշտ ես անում՝ «թույլ» չես, այլ գործընկեր, և երբեմն գործընկերոջդ աչքի չոփն էլ ես մատնացույց անում, գործընկերաբար, շատ չառարկելով, որ ինքն անընդհատ ուրվական գերաններ է ուզում հայտնաբերել քո աչքում:

Գազ է թանկացնում՝ չես գնում պառադի, ռուսերենի հարցն իր ախորժակի ուզածով չես լուծում, Նավալնի ես ցույց տալիս, բայց՝ շնորհավորում ես, և շատ չես ընդգծում, որ է՛լ ավելի խորը ճգնաժամի մեջ խեղճերն իրենց նետեցին, անելանելի:

Այնքան սխալ են արել վերջերս, որ թույլն իրենք են, ախր, խեղճն իրենց բնակչությունն է, չնայած մեծությանն ու ներուժին, ոչ թե մենք: Որովհետև ուժը միայն ֆիզիկականը չէ, ռեալպոլիտիկը միայն արտաքին շահերը չեն, կան նաև հոգևոր ու բարոյական չափումներ: Մենք իրենց կողքին կանգնած ենք, հոգատար, որ երբ խելքը գլխին մի բան վերջապես անեն, թեթևացած ասենք. «Ա՛յ, սա ուրիշ բան, ապրե՛ք»: Բոլորս էլ դա ենք ուզում: Ինչպես և պիտի ախպերը ծանր վիճակն ընկած մեծ քրոջը վերաբերվի:

Եվ նրանց մեջ ով խելքը գլխին է, դա հոգու խորքում գիտակցում է: