Ամերիկյան F35-երի ու ռուսական S-400-երի արանքում․ Էրդողանի հաղթանակը և Թուրքիայի պարտությունը

Հունիսի 12-ին ԱՄՆ Սենատի՝ Զինված ուժերի հարցերով հանձնաժողովը վճռեց, որ երկրի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պետք է համալրվեն 6 հատ F-35 (F-35A Lightning II) տիպի նոր կործանիչներով, որոնք ավելի վաղ վաճառվել էին Թուրքիային։ Հինգերորդ սերնդի բազմակի նշանակության այդ ինքնաթիռները չէին ուղարկվել Թուրքիա, քանի որ վերջինս Ռուսաստանից գնել էր S-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Այն ժամանակ ԱՄՆ-ը ամենատարբեր մակարդակներով հայտարարում էր, որ S-400-ներն անհամատեղելի են F-35-ների հետ։ Թուրքիան նաև դուրս էր մնացել F-35-ի ծրագրի մասնակիցների թվից։ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էլլեն Լորդի խոսքով՝ Թուրքիան դրա հետևանքով կկորցնի 9 միլիարդ դոլար (Թուրքիան հնարավորություն ուներ F-35-ի համար արտադրելու ավելի քան 900 դետալ)։

Սենատի հանձնաժողովը նաև հավանության արժանացրեց ամերիկյան բանակի համար 95 հատ F-35 ինքնաթիռ գնելը, ինչը 14-ով ավելի է, քան խնդրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Մեկնաբանելով ԱՄՆ Սենատի հանձնաժողովի այս որոշումները՝ կարելի է ասել, որ ամերիկյան կողմը այդպիսով Թուրքիային չներեց S-400 համակարգերը գնելու համար։ Մյուս կողմից կարելի է ասել, որ այդ որոշումը միայն «չարյաց փոքրագույնն» է Թուրքիայի համար․ նախկինում չէր բացառվել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի համար նախատեսած F-35-երը կարող է վաճառել Հունաստանին, որի հետ թուրքական կողմն ունի բազմաթիվ խնդիրներ (հատկապես Էգեյանի ու Կիպրոսի հիմնախնդիրները)։ Այստեղ դեր խաղացին ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության, Թուրքիայի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական կարևորության գործոնները և այլն։

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի այս քայլը Թուրքիայի և նրա նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի համար։ Այս երկու դեպքերը հարկ է զանազանել միմյանցից և քննել առանձին։

Հնարավոր հետևանքներ Թուրքիայի համար

ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 ինքնաթիռներ չտրամադրելը լուրջ հարված է Թուրքիայի պաշտպանունակությանը մի շարք պատճառներով։

1) Թուրքիայի ՌՕՈՒ-ն հիմնականում համալրված է ամերիկյան F-4 և F-16 ինքնաթիռներով, ընդ որում՝ F-4-երը շահագործման են հանձնվել 1960թ., իսկ F-16-երը՝ 1978թ.։ Դա նշանակում է, որ առաջիկայում դրանք աստիճանաբար հանվելու են սպառազինությունից, և Թուրքիան պետք է թարմացնի իր ավիապարկը։ Թուրքիան աշխատանքներ է տանում «սեփական» կործանիչ ստեղծելու ուղղությամբ (նախագիծը չի իրագործվում միայն թուրքական կողմի մասնակցությամբ), սակայն դա հեշտ իրագործելի խնդիր չէ։ Նախատեսված էր ավիապարկը թարմացնել հիմնականում F-35-ներով․ 13-16 միլիարդ դոլարով ԱՄՆ-ից գնել F-35 տիպի 100 կործանիչ, ինչը դառնալու էր Թուրքիայի ողջ պատմության խոշորագույն ռազմական գործարք։ Ակնհայտ է, որ ներկայում այս պլանը ձախողված է, մինչդեռ ավիապարկի թարմացման խնդիրը շարունակում է մնալ արդիական։

2) 2010թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՌՕՈւ-ի այդ ժամանակվա հրամանատար, գեներալ Հասան Աքսայը հայտարարեց, որ Թուրքիան նպատակադրվել է 2050թ. դրությամբ տարածաշրջանում ունենալ ամենաուժեղ ՌՕՈւ-ն և այդ համատեքստում առաջին հերթին կարևորեց F-35-ների գնումը։ Նկատենք, որ F-35-ներն արդեն հայտնվել են տարածաշրջանում, սակայն բնականաբար ոչ Թուրքիայում։ Խոսքն Իսրայելի մասին է, որն իր ամերիկյան դաշնակցից ստացել է առնվազն 20 հատ F-35 (դրանց իսրայելական տարբերակը՝ F-35I Adir) և ծրագրել է ձեռք բերել ընդհանուր 75 հատ F-35։ Ավելին, աշխարհում F-35-ի առաջին մարտական կիրառումը բաժին է ընկել Իսրայելին (2018թ․ մայիս)։ Այս ամենը վկայում է, որ մեծ հարցականի տակ է տարածաշրջանում ուժեղագույն ՌՕՈւ ունենալու Թուրքիայի պլանը, և գլխավոր պատճառը F-35-ներ չստանալն է։ Թուրքիայի ՌՕՈւ-ն մեծապես տուժել է նաև 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային «մաքրումներից», երբ զգացվեց օդաչուների դեֆիցիտ, և Թուրքիայի ՌՕՈՒ-ն հարկադրված էր ապավինել «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության օդաչուներին (նրանք թեև տարիներ առաջ հեռացել էին ՌՕՈւ-ից, այնուամենայնիվ, ի վիճակի էին ծառայել թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական սեկտորում)։

3) 2021թ․ շահագործման է հանձնվելու «թուրքական արտադրության» թեթև ավիակիրը՝ «Անադոլուն», որը նաև որակում են բազմանշանակ դեսանտանավ, որի վրա ծրագրված էր տեղակայել ուղղահայաց թռիչքների ունակ F-35-ներ (դրանց ծովային տարբերակը՝ F-35B)։ Ստացվում է, որ այս ծրագիրը նույնպես ձախողվում է, և պատահական չէ, որ Թուրքիան ձգտում է ստեղծել և «Անադոլուի» վրա տեղակայել ծովային պայմաններին հարմարեցված, հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Սակայն ակնհայտ է, որ այդ ԱԹՍ-ը չի կարող լիարժեք փոխարինել F-35B-ին։

Թուրքիայի համար F-35-ների ներկայացրած կարևորության այս շարքը բնականաբար դեռ կարելի է շարունակել։ Ներկայացվածն արդեն իսկ լայն պատկերացում է տալիս իրավիճակին։

Այդ դեպքում ինչո՞ւ Էրդողանն այդպես էլ չհրաժարվեց S-400 համակարգերի գնումից, գնաց այդ գործարքին (2․5 միլիարդ դոլար) և այդպիսով գիտակցաբար տապալեց ԱՄՆ-ից F-35-ների գնումը։ Ավելին, ինչո՞ւ այդ քայլով Էրդողանը տապալեց ԱՄՆ-ից նաև Patriot ԶՀՀ-ների գնումը։ Փաստորեն կշեռքի նժարներից մեկի վրա դրված էր S-400-ը, իսկ մյուս նժարի վրա՝ Patriot-ն ու F-35-ը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ռազմական ու տնտեսական հնարավոր պատաժամիջոցները։ Էրդողանը, այնուամենայնիվ, նախընտրեց առաջին նժարը՝ ՆԱՏՕ-ի հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող Ռուսաստանից գնելով S-400 համակարգերը։ Ինչո՞ւ։

Հնարավոր հետևանքներ Էրդողանի համար

Հայտնի է, որ մեծ հեռահարության ԶՀՀ չունենալը Թուրքիայի խոցելի տեղերից մեկն էր, և S-400 համակարգերի գնումը փակում է այդ բացը։ Մյուս կողմից, եթե Թուրքիան գներ Patriot համակարգեր, որոնք, ի դեպ, խնդիր չէին ունենա ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին, այդ բացը նույնպես կլրացվեր։ Սակայն ԱՄՆ-ը չհամաձայնեց Թուրքիային տրամադրել Patriot-ի արտադրման տեխնոլոգիաները՝ հնարավորություն չտալով, որ Թուրքիան հետագայում կարողանա արտադրել նման համակարգեր։ Մինչդեռ Ռուսաստանը համաձայնեց Թուրքիային տրամադրել S-400-ների արտադրման տեխնոլոգիաները (առնվազն մասնակի) և անգամ չբացառեց Թուրքիայի հետ S-500 համակարգերի համատեղ արտադրության հնարավորությունը։ Ու թեև ԶՀՀ-ների արտադրման տեխնոլոգիաների հարցը բավական կարևոր էր Թուրքիայի համար, սակայն այստեղ թերևս կար շատ ավելի կարևոր գործոն, որն առնչվում է անձամբ Էրդողանին, և որն էլ հենց պայմանավորեց նրա ընտրությունը։

Խոսքը 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձի մասին է, որի ժամանակ խռովարարների ավիացիան (F-16) խաղաց մեծ դեր․ հետապնդեց Էրդողանի ինքնաթիռը, Անկարայում ավիահարվածներ հասցրեց Թուրքիայի խորհրդարանի, ուժային կառույցների շենքերի վրա, ինչպես նաև նախագահական նստավայրի ուղղությամբ։ Ընդգծենք, որ Անկարան առաջին անգամ էր ռազմական գործողությունների ականատես լինում 1402թ․ Լենկ Թեմուրի ու օսմանյան սուլթան Բայազիդ Առաջինի միջև տեղի ունեցած ճակատամարտից հետո։

Էրդողանը թերևս հենց դրա համար էլ նախընտրեց S-400-ի տարբերակը․ ի տարբերություն Patriot-ի, որը F-16-ը ճանաչում է «յուրային», S-400-ն այն ճանաչում է «օտար»։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը դեռ չի բացառում հնարավոր նոր ռազմական հեղաշրջման փորձը և պատրաստվում է նման պարագայում S-400-ի օգնությամբ հարվածել խռովարարների ավիացիային։ Սակայն գործը կարող է անգամ չհասնել ռազմական հեղաշրջման փորձի, քանի որ տեսականորեն որևէ ավիաբազայից օդ բարձրացած մեկ-երկու F-16-ը բավական կլինի, որ հարվածի նախագահական նստավայրին, ուր այդ պահին կգտնվի Թուրքիայի նախագահը։ Ավելորդ չէ նշել, որ S-400-երն առաջին հերթին տեղակայվեցին Անկարայի մոտ (նախկին Աքընջը ավիաբազա), և նաև այն, որ թուրքական կողմը դրանք փորձարկում էր հենց F-16-ների վրա՝ հասկանալու, թե S-400-ն իր ռադարի վրա ինչպես է ֆիքսում ցածր բարձրության վրա թռչող F-16-ը։

Էրդողանը, սակայն, չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով․ 2020թ․ ապրիլին հայտնի դարձավ, որ Թուրքիայի ՌՕՈւ-ում գտնվող F-16-ների վրա տեղակայվում է թուրքական արտադրության (ASELSAN կոնցեռնի) «յուրային-օտար» համակարգը։ Հիշեցնենք, որ 2011թ. աշնանը ԱՄՆ-ը համաձայնել էր Թուրքիային հանձնել F-16-ների ծրագրային ապահովման ծածկագրերը։ Խոսքը F-16-ի թռիչքային համակարգն ու սպառազինությունն ամբողջովին վերահսկող համակարգչային ծրագրի մասին է, որը չի ճանաչում այլ երկրների արտադրած ռումբերը, հրթիռները և այլ բաղադրատարրերը: Դրա շնորհիվ Թուրքիան հնարավորություն էր ստացել F-16-երի վրա տեղակայել հավելյալ սարքավորում և սեփական արտադրության սպառազինություն։ Ըստ թուրքական մամուլի՝ դա աննախադեպ իրադարձություն էր, քանի որ ԱՄՆ-ը նման կերպ չէր վարվել աշխարհի ոչ մի երկրի և անգամ Իսրայելի պարագայում, ինչի պատճառով էլ այդ երկրներն իրենց տրամադրության տակ առկա F-16-երի արդիականացման համար անպայմանորեն պետք է դիմեն ԱՄՆ-ին։ Ուշագրավ էր, որ հետագայում Թուրքիան փորձեց նույն կերպ ԱՄՆ-ից ստանալ F-35-ների ծրագրային ապահովման ծածկագրերը, սակայն մերժում ստացավ (ԱՄՆ-ը F-16-երի ծածկագրերը Թուրքիային տվել էր նաև նրա համար, որ F-35-ների հայտնվելով F-16-երը դառնում էին հնացած)։ Մեր կարծիքով՝ ԱՄՆ-ի այդ մերժումը Թուրքիայի աչքում զգալիորեն (բայց ոչ լիովին) արժեզրկեց F-35-ների կարևորությունը։

«Յուրային-օտար» համակարգից բացի, կան մի շարք այլ ցուցիչներ, որոնք մեզ մղում են նման եզրահանգման։ Այս համատեքստում առաջին հերթին ընդգծենք, որ S-400 համակարգեր գնելը Թուրքիայի օրակարգում հայտնվեց 2016թ․ աշնանը, այսինքն ռազմական հեղաշրջման փորձից ընդամենն ամիսներ անց։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը մեծ հեռահարության ԶՀՀ-ներ ձեռք բերելու ուղղությամբ սկսել էր քայլեր ձեռնարկել 2005թ․, իսկ բուն մրցույթը՝ հայտարարել 2009թ․, ըստ էության չէր շտապում այդ հարցում, սակայն 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Էրդողանը տվյալ հարցը լուծեց մոտ 3 տարում․ S-400-ների առաջին խմբաքանակն Անկարա հասցվեց 2019թ․ հուլիսի 12-ին, ինչն ուշագրավ էր 2 տեսանկյունից։ 1) Դրանք ստացվեցին ռազմական հեղաշրջման փորձի եռամյակին ընդառաջ, ինչը ներքաղաքական ուրույն ուղերձ էր։ 2) 1947թ. հուլիսի 12-ին ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև կնքվել է առաջին ռազմական համաձայնագիրը, և սա ԱՄՆ-ին հասցեագրված խոսուն ուղերձ էր․ Էրդողանը խորապես համոզված է, որ «ռազմական հեղաշրջման փորձ ի հետևում կանգնած է եղել ԱՄՆ-ը»։

Հիշարժան էր նաև այն, որ Էրդողանը S-400-երի շուրջ պայմանագրի կնքման մասին հայտարարեց 2017թ․ սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը նույնպես պատահաբար չէր ընտրվել․ 1980թ․ սեպտեմբերի 12-ին իրականացվել է Թուրքիայի պատմության մեջ ամենաարյունալի ռազմական հեղաշրջումը, որի կազմակերպիչներին Էրդողանը պատժեց 30 տարի անց (դա աննախադեպ իրադարձություն էր Թուրքիայի համար, որ նախկին նախագահը կանգնի դատարանի առջև և դատապարտվի)։

Վերոնշյալը վկայում է, որ կան ոլորտներ, որոնցում չեն համընկնում Թուրքիայի պետական ու Էրդողանի անձնական շահերը։ Այդ միտումն ավելի ակնառու է դարձել 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Էրդողանը սկսեց մեծապես առաջնորդվել անձնական շահերով և այդպիսով լուրջ վնաս պատճառել իր երկրին (օրինակ, զինված ուժերում խոշոր մաքրումներ ու վերափոխումներ անելով)։ S-400-ների հարցում էլ Էրդողանն առաջնորդվեց անձնական շահերով՝ հրաժարվելով Patriot-ներից և F-35-ներից (S-400-ները գնելուց հետո Թուրքիան ԱՄՆ-ի դիրքորոշումը մեղմելու նպատակով հայտարարում էր, թե պատրաստ է գնել նաև Patriot-ներ)։ Արդյունքում ունենք «հաղթած Էրդողան» և «պարտված Թուրքիա» իրավիճակներ (համենայն դեպս՝ ներկա դրությամբ)։ Եվ այնուամենայնիվ, թուրքական կողմը դեռ չի ծավալել S-400 համակարգերը (նաև կորոնավիրուսի պատրվակով), քանի որ ԱՄՆ-ը դեմ է դրան։ Ակնկալում ենք, որ եթե Թուրքիան ծավալի դրանք, ապա ԱՄՆ-ը կարող է անգամ տնտեսական պատժամիջոցներ (CAATSA) կիրառել, ինչի հետևանքները կզգան Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ։

Ըստ էության՝ Էրդողանը հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմից նա խստապես ցանկանում է խույս տալ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներից, որոնք կարող են անդառնալիորեն սասանել նրա իշխանության հիմքերը, մյուս կողմից էլ սուլթանի ու խալիֆի հավակնություններով Էրդողանը ձգտում է ամեն գնով իրեն ապահովագրել ռազմական նոր հեղաշրջումից և այդպիսով չկրկնել իր կողմից շատ սիրված, օսմանյան վերջին լիարժեք սուլթան համարվող, պանիսլամիզմի ջատագով Աբդուլ Համիդ 2-րդի հայտնի ճակատագիրը։

Մեկնաբանել