Ռումբի ահազանգ «Մեգամոլ Արմենիա»-ում․ տարհանվել է 350 մարդ

Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։