Հայկական ֆուտբոլի մրցակցային, բայց նաև սկանդալային տարին

Հուլիսի 14-ին ավարտվում է Հայաստանի ֆուտբոլի 2019-2020թթ. առաջնությունը: Հենց վերջին տուրում հայտնի կդառնա Բարձրագույն խմբի առաջնության հաղթողը: Չեմպիոնության համար պայքարում են Գյումրիի «Շիրակը», Երևանի «Արարատ Արմենիան» և նորեկ «Նոան»:

«Շիրակը» մի քանի անգամ դարձել է Հայաստանի հաղթող ու գավաթակիր և Երևանի «Արարատի» հետ միակ թիմն է, որ մասնակցել է Հայաստանի բոլոր առաջնություններին՝ սկսած 1992-ից, այդ տարի կիսելով չեմպիոնությունը ՀԲԸՄ-ի հետ:

«Արարատ Արմենիան» երկրորդ տարին է հանդես գալիս Բարձրագույն խմբի առաջնությունում: Անցյալ տարի «Արարատ Արմենիան» դարձավ չեմպիոն և որակյալ ֆուտբոլ ցուցադրեց նաև եվրոպական գավաթային մրցաշարում, ինչից հայկական ֆուտբոլը, կարելի է ասել, զուրկ էր: Հայաստանի ամենաթանկ ակումբը հնարավորություն ունի հաղթել երկրորդ անգամ և նվաճել նաև գավաթը, քանի որ դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ:

Կրկնակի հաջողության հասնելու հնարավորություն ունի նաև նորեկ «Նոան», որ գավաթի եզրափակիչ խաղում, հուլիսի 10-ին մրցելու է «Արարատ Արմենիայի» հետ, ինչպես նաև՝ նվաճելու չեմպիոնությունը առաջին անգամ:

Չափազանց կարևոր է այսօր Երևանում կայանալիք «Նոա»-«Շիրակ» հանդիպումը:

2019-2020թթ. Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ամենահետաքրքրականներից է 1992-ից ի վեր, եթե ոչ՝ ամենահետաքրքիրն ու մրցակցայինը: Դժվար է հիշել մեկ այլ առաջնություն, երբ դրա ավարտից երկու տուր առաջ երեք թիմեր հավասար հնարավորություններ ունենային՝ նվաճելու հաղթողի տիտղոսը:

2019-2020-ը նաև ամենասկանդալայինն էր, քանի որ Առաջին խմբի առաջնության ավարտից մի քանի տուր առաջ այն պարզապես դադարեցվեց: Նման բան հայկական ֆուտբոլի պատմության հետ չէր եղել: Պատճառը պարզ է՝ մի քանի ակումբներ, դրանց ղեկավարներ ու ֆուտբոլիստներ ներգրավված են պայմանավորված խաղերի, ավելի պարզ՝ ղումար խաղալու մեջ:

Հուլիսի 3-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրեց որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին:

«Արագած», «Տորպեդո», «Մասիս» ակումբները ստեղծվել են 2019-ին, և սա նրանց առաջին առաջնությունն էր, իսկ «Լոկոմոտիվ» և «Երևան» ակումբները խաղում են երկրորդ մրցաշրջանը: Ընդ որում, «Երևանը» անցյալ մրցաշրջանում խաղացել էր Առաջին խմբում, նվաճել Բարձրագույնի ուղեգիր, այս տարի խաղացել մրցաշրջանի կեսը, պարտվել բոլոր խաղերում և դադարեցրել մասնակցությունը:

Հայկական ֆուտբոլում ղումար միշտ է եղել, պարզապես 2019-2020-ին չափերն այնպիսինն էին, որ դրա դեմը պետք էր առնել: ՀՖՖ-ի քայլերը՝ հայկական ֆուտբոլից պայմանավորված խաղերին վերջ տալու ու ղումարը արմատախիլ անելու հանձնառությունը միայն ու միայն ողջունելի է: Ժամանակն է նաև, որ ՀՖՖ-ի ու իրավապահների ուշադրության կենտրոնում լինեն մրցավարները: Բոլորը գիտեն, խոսում են, որ մրցավարական դաշտում ևս կա ղումար:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ հայկական ֆուտբոլում բացառիկ որոշում է կայացվել և առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ, իսկ գործընթացը պետք է շարունակական լինի, ՀՖՖ-ն և ինքն անձամբ ձեռնամուխ են լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ 

«Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։ Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն»,- ասել է նա։

Հուսանք, որ գործընթացը կլինի շարունակական, քանի որ Առաջին խմբում հանդես եկող և նորաստեղծ առնվազն ևս երեք ակումբներ առաջնության ընթացքում գրանցել են խոշորագույն և խիստ կասկածելի հաշիվներով արդյունքներ: Մենք իրավունք չունենք նշել այդ ակումբների և նրանց հիմնադիրների անունները, քանի դեռ չունենք բավարար ապացույցներ: Փաստը, որ թիմերը պարտվում են 12-0 և անգամ հոկեյին անսովոր այլ հաշիվներով, սակայն հաջորդ խաղում համեմատաբար ուժեղ թիմին հաղթում 1-0 հաշվով, ակնհայտ է դառնում, որ կա պայմանավորվածություն և կա ղումար:

Ակումբներին, նրանց հայտնի ու անհայտ տերերին, ֆուտբոլիստներին պատժելու հարցում պետք է առաջնորդվել բացառապես հայկական ֆուտբոլի շահերով և երբեք չհիշել, թե ակումբներից որը և ինչպես է քվեարկել ՀՖՖ նախագահի վերջին փակ, բայց բոլորին հայտնի ընտրություններում:

ՀՖՖ նապագահ Արմեն Մելիքբեկյանը մեկ այլ կարևոր նախաձեռնություն է սկսել: Նա նամակով դիմել է Բարձրագույն խմբի ակումբների նախագահներին՝ առաջարկելով Բարձրագույն խմբի 2020-2021 թթ առաջնության հաջորդ մրցաշրջանի 2 ձևաչափ, ինչպես նաև՝ հայ և օտարերկրացի ֆուտբոլիստների մասնակցության 3 տարբերակ:

Հայաստանի առաջնության ձևաչափն ու «լեգեոներների» թեման վերջին շրջանում ամենաքննարկվող նյութերից է: Մի կողմից, «լեգեոներների» ներկայությունը բարձրացնում է առաջնության մակարդակն ու հետաքրքրությունը, մյուս կողմից՝ փակում պատանի և երիտասարդ հայ ֆուտբոլիստների ճանապարհը մեծ ֆուտբոլ: Սրանք այն ֆուտբոլիստներն են, որոնց վրա ֆուտբոլի ակադեմիաներն ու մարզիչները տասը և ավելի տարիների քրտնաջան աշխատանք են թափում: Այս թեման, սակայն, խորքային և շահագրգիռ քննարկման առարկա է և պետք է գտնել ոսկե միջին: