«Պոպլավոկի» գործը դարձյալ կքննվի դատարանում

Վերաքննիչ դատարանը հուլիսի 6-ին բավարարել է «Առագաստ» սրճարանում («Պոպլավոկ») Պողոս Պողոսյանի գործով դատախազության բողոքը, և գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ 

Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով գլխավոր դատախազին դիմում էր հասցեագրել Սթիվեն Ջոն Նյութոնը, ով 2001-ի այդ օրը եղել էր սրճարանում։ Նյուտոնը հարցաքննվել է և ըստ դատախազության ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ «Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։ 

Իրականացվել է նաև դատաբժշկական նոր փորձաքննություն, որի արդյունքները էականորեն տարբերվել են նախկինում արված փորձաքննությունից։

«Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք»,- հայտնել է դատախազությունը։ 

Դատարանի որոշմամբ Աղամալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Աղբյուրը՝ դատախազության կայքը