Թուրքիան քրդացման վտանգի առջև

Հայտնի է, որ 1923թ․ հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1927թ․, ըստ որի՝ բնակչության թիվը կազմել է 13,65 միլիոն մարդ։ Ընդ որում՝ նրանց 75,8%-ը բնակվում էր գյուղերում, իսկ 24,2%-ը՝ քաղաքներում։ Հետագա ավելի քան 90 տարվա ընթացքում Թուրքիայի բնակչության թիվը վեցապատկվեց՝ 2019թ․ դրությամբ հասնելով 83,155 միլիոնի (գյուղերում ու քաղաքներում ապրողների հարաբերակցությունն էլ ճիշտ հակառակն է)։

2007թ․ հաջորդող 10 տարիներին Թուրքիայի բնակչությունը կանոնավորապես աճել է տարեկան մոտ 1 միլիոնով։ Արդյունքում 2007-2017 թթ․ Թուրքիայի բնակչությունը 70,5 միլիոնից հասավ 80,8 միլիոնի, իսկ 2018թ․ հատեց 82 միլիոնի շեմը։ Սա 780 000 քկմ տարածքով Թուրքիայի համար կարելի է համարել միջին ցուցանիշ․ իր տարածքով Թուրքիային մոտ 6 անգամ զիջող (130 170 քկմ) Բանգլադեշի բնակչությունը կազմում է 165 միլիոն մարդ, իսկ ահա իր տարածքով Թուրքիային ավելի քան կրկնակի գերազանցող (1 648 000 քկմ) Իրանն ունի Թուրքիայի չափ բնակչություն (84 միլիոն մարդ)։

2015թ. ՄԱԿ-ի սոցիալական հարցերով դեպարտամենտի կանխատեսման համաձայն՝ 2050թ. Թուրքիայի բնակչությունը կազմելու է 95,8 միլիոն մարդ, իսկ 2018թ․ Թուրքիայի պետական վիճակագրական վարչության (TUIK) արած կանխատեսմամբ՝ Թուրքիայի բնակչությունը 100 միլիոնի շեմը հատելու է 2040թ․։ TUIK-ի տվյալներով՝ Թուրքիայում աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) մարդկանց թիվը հասնում է 67,8 միլիոնի՝ 2007թ․ 66,5 միլիոնի փոխարեն։ Եվ վերջապես, 1999-ից ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ունեցող Թուրքիան շարունակ թմբկահարում է, որ եթե համալրի ԵՄ-ի շարքերը, ապա ԵՄ-ն այդպիսով կստանա երիտասարդ ու աշխատասեր բնակչություն՝ ի դեմս Թուրքիայի քաղաքացիների։

Թուրքական իշխանությունների հայտարարությունները

Վերոնշյալը, ըստ էության, վկայում է, որ Թուրքիան բնակչության թվաքանակի հետ կապված լուրջ խնդիրներ չունի և մոտ ապագայում այն անցնելու է 100 միլիոնից։ Այս խորապատկերում առաջին հայացքից տարօրինակ կարող են թվալ վերջին տարիներին թուրքական իշխանությունների արած հետևյալ հայտարարությունները։ Օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն տարի կամ տարեկան մի քանի անգամ երիտասարդ ընտանիքներից պահանջում է ունենալ առնվազն 3 երեխա՝ ընդգծելով, որ կանանց կյանքն առանց սերունդ տալու լիարժեք չէ (ի դեպ, նա եվրոպաբնակ թուրքերից պահանջում է առնվազն 5 երեխա)։ Էրդողանը նաև փորձում էր օրենսդրորեն արգելել հղիության արհեստական ընդհատումները, սակայն հանդիպեց հասարակական բուռն դժգոհության, փորձագետներն էլ նրան խորհուրդ չտվեցին գնալու այդ քայլին, քանի որ տվյալ երևույթն այդ դեպքում էլ չէր դադարելու և անգամ իրականացվելու էր ավելի վատ (հակասանիտարական) պայմաններում։ Եվ վերջապես, Էրդողանը հայտարարել է, որ հակաբեղմնավորիչներ գործածելը հայրենիքի դավաճանություն է։

Թուրքիայի վարչապետի պաշտոնում Ահմեթ Դավութօղլուն իր հերթին հայտարարել էր, որ կանայք պետք է երեխաներ ունենալուն վերաբերվեն այնպես, ինչպես հայրենիքի առջև ունեցած սրբազան պարտքի, ինչը կարելի է համեմատել բանակում կնոջ ծառայելու հետ։

Ինչի՞ համար են նման հայտարարությունները և ովքե՞ր են դրանց իրական ու քողարկված հասցեատերերը։ Հիմնական պատճառը Թուրքիայում առկա «Քրդական հարցն» է և ավելի կոնկրետ՝ քուրդ բնակչության թվաքանակը։

Քուրդ բնակչության արագ աճը

Վերջին տարիներին քուրդ բնակչությունն աճում է բավական արագ տեմպերով, ինչը Թուրքիայում որակվում է նաև որպես «աննորմալ աճ»։ Կան տարբեր հաշվարկներ, որոնք վկայում են, որ Թուրքիայում քուրդ բնակչության աճն առնվազն 3 անգամ ավելի բարձր է թուրք բնակչության աճից։ Իսկ թե որքան է Թուրքիայում քուրդ բնակչության ստույգ թիվը, կարծիքները կիսվում են՝ 15-35 միլիոն մարդ (ԿՀՎ-ի տվյալներով՝ 2013թ․ Թուրքիայում քուրդ բնակչության թիվը կազմել է 14,5 միլիոն մարդ)։ Ինչո՞ւ հայտնի չէ Թուրքիայում քուրդ բնակչության ստույգ թիվը։ Այստեղ կա երկու հիմնական գործոն․

1) Թուրքիայում մարդահամարները չեն անցկացվում էթնիկ հիմքով։

2) Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ համարվում է թուրք՝ անկախ իր ազգությունից։

Ըստ էության՝ Թուրքիայի քուրդ բնակչության ստույգ թիվը գիտեն միայն թուրքական իշխանությունները, որոնք էլ թաքցնում են այն։ Երեք երեխա ունենալու Էրդողանի պահանջ/կոչը, թերևս, հասցեագրված է միայն թուրքերին և հատկապես երկրի ամենազարգացած հատվածի՝ արևմուտքի թուրքերին, որոնք սովորաբար նախընտրում են ունենալ 2 երեխա։ Մինչդեռ Թուրքիայի՝ հիմնականում հարավարևելյան նահանգներում ապրող քրդերը ունենում են 3-ից շատ ավելի երեխա, որոշ դեպքերում՝ անգամ մինչև 15-20 երեխա՝ չնայած ցածր կենսամակարդակին ու պայմանների սղությանը։ Ժամանակին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է կանխատեսել, որ կգա ժամանակ, երբ քրդերը Թուրքիայում կկազմեն մեծամասնություն՝ գերազանցելով թուրքերին։ Տարիներ առաջ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախկին պատգամավոր Գյունդուզ Աքթանի արած կանխատեսմամբ՝ 2037թ․ Թուրքիայում հավասարվելու է թուրք և քուրդ բնակչության թիվը։

Անուղղակի ցուցիչներ

Այնուամենայնիվ, կան մի շարք անուղղակի ցուցիչներ, որոնք մեզ հուշում են Թուրքիայում քուրդ բնակչության արագ աճի և դրա հետ կապված՝ թուրքական իշխանությունների մտահոգությունների աճի մասին։ Թուրքական կողմին մտահոգում է այն, որ տարածաշրջանը գերազանցապես քրդաբնակ է։ Այսօր Թուրքիայում կան կարծիքներ, որ 1915թ․ Թուրքիան, բնաջնջելով հայերին, տարել է միայն մարտավարական հաղթանակ և կրել է ռազմավարական պարտություն, քանի որ հայերին հեռացնելով՝ տարածաշրջանը գերազանցապես մնաց քրդերին։ Բացի այդ, հայերի հեռանալով՝ Թուրքիան ամայացավ, քանի որ ստեղծագործական պլանում քրդերը չեն կարող համեմատվել հայերի հետ (օրինակ, Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը կերտել են Պալյանները)։

Այդ ցուցիչների ցանկում մեջբերենք 2017թ․ հուլիսի 15-ին՝ 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակին Էրդողանի հետևալ հայտարարությունը․ «Նախորդ տարվա այս օրը մենք տվեցինք 250 զոհ, սակայն փրկեցինք 50 միլիոնանոց Թուրքիան»։ Այդ ժամանակ շատերի աչքից չվրիպեց, որ Էրդողանը չի հայտարարում 80 միլիոնանոց Թուրքիան փրկելու մասին։ Արդյունքում պնդումներ եղան, թե Թուրքիայում թուրք բնակչությունը 50 միլիոն է, իսկ քուրդ բնակչությունը՝ 30 միլիոն։ Ոմանք էլ նշեցին, որ թուրք բնակչության այդ թիվը (50 միլիոն մարդ) անգամ ուռճացված է, որ իրականում դրա մեջ մտցված են մուսուլման մի շարք ազգեր (լազեր, չերքեզներ), և թուրքերի իրական թիվն ավելի քիչ է։

Մեկ այլ, սակայն ավելի կարևոր ցուցիչ է 21-րդ դարում սկիզբ առած քրդական ընտրական հաղթարշավը։ Դեռևս 1980թ․ Թուրքիայում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո, երբ ընդունվեց նոր սահմանադրություն, սահմանվեց բավական բարձր ընտրաշեմ՝ 10%։ Դրա նպատակը Թուրքիայի խորհրդարան փոքր և մասնավորապես քրդական կուսակցությունների մուտքն արգելափակելն էր։ Եվ այդ ընտրաշեմը հաջողությամբ իր դերը կատարեց ավելի քան 30 տարի՝ խափանելով քրդական տարատեսակ կուսակցությունների մուտքը Թուրքիայի խորհրդարան։

Սակայն 2015թ․ հունիսին բեկում գրանցվեց․ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (ԺԴԿ, որի անդամ է նաև Գարո Փայլանը) հաղթահարեց ընտրաշեմը և 550 հոգանոց խորհրդարանում ստացավ 80 մանդատ, ինչն աննախադեպ իրադարձություն էր Թուրքիայի պատմության մեջ։ Եվ չնայած նրան, որ դրանից հետո ԺԴԿ-ն հայտնվեց Էրդողանի հալածանքների թիրախում՝ կուսակցությանը հաջողվեց ևս երկու անգամ (2015թ․ նոյեմբեր և 2018թ․ հունիս) հաղթահարել այդ ընտրաշեմը (այսինքն՝ 3 անգամ անընդմեջ)։ Ուշագրավ է, որ 2019թ․ ՏԻՄ ընտրություններում էլ ԺԴԿ-ն թեկնածուներ չառաջադրեց Թուրքիայի խոշոր քաղաքներում, աջակցեց գլխավոր ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)՝ այդպիսով նպաստելով դրանցում Էրդողանի կուսակցության (աննախադեպ) պարտություններին։

Քրդական քաղաքական շարժման այս հաջողությունների հիմքում ընկած էր 2 կարևոր գործոն․

1) Քրդական քաղաքական շարժման ինքնակազմակերպվածության աճ, այն իրենից ուժ է ներկայացնում ոչ միայն երկրի արևելքում ու հարավ-արևելքում, այլև՝ արևմուտքում (Ստամբուլն աշխարհի ամենամեծ քրդաբնակ բնակչություն ունեցող քաղաքն է)։

2) Քրդական բնակչության արագ աճ։ Ըստ ամենայնի, իրենց ընտրական հաջողություններից ոգևորված՝ քրդերը գնալով ավելի շատ կարող են հակվել դեպի ընտրական և ոչ թե զինված պայքար, ինչը նրանց առջև կբացի անհամեմատ մեծ հեռանկարներ: Բանն այն է, որ ներկայում Էրդողանը հմտորեն կարողանում է էապես չեզոքացնել քրդական քաղաքական շարժման ընտրական այդ հաջողությունները՝ օգտվելով ահաբեկչական հռչակած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությունից։ Վերջին տարիներին Թուրքիայում PKK-ին (ահաբեկչությանը) սատարելու բազում մեղադրանքներ են ներկայացվել քուրդ պատգամավորների, քաղաքապետերի, լրագրողների և այլոց նկատմամբ, նրանց մի մասին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից, բանտարկել են, պաշտոնանկ են արել և փոխարենը նշանակել հոգաբարձուներ։ Ավելին, այդ մեղադրանքներով Թուրքիայում վերջին 30 տարում փակվել են քրդական մի շարք թերթեր ու կուսակցություններ, իսկ վերջիններիս վերնախավին մի քանի տարով արգելվել է քաղաքական գործունեությամբ զբաղվելը։ Սակայն քրդական քաղաքական շարժումն ամեն անգամ փյունիկ թռչունի կարողացել է հարություն առնել և շարունակել պայքարը (քրդական փակված կուսակցության փոխարեն ձևավորվել է մի նոր քրդական կուսակցություն)։ Ստացվում է, որ երբ իշխող կուսակցությունը խնդիրների է բախվում ընտրական պլանում (Պլան Ա), Էրդողանը գործի է դնում իր Պլան Բ-ն (ահաբեկչության մեղադրանքը)։

Կանխատեսվում է, որ 21-րդ դարում քրդերի շրջանում վերելք կապրի ազգային ինքնագիտակցությունը, ցեղային մտածելակերպն, ու տարաձայնություններն ավելի քիչ տեղ կունենան, արդյունքում քրդերը Թուրքիայում կդառնան ավելի կազմակերպված ուժ և մեծ գլխացավանք՝ թուրքական իշխանությունների համար։ Քրդերին թերևս անհրաժեշտ է նոր՝ երիտասարդ առաջնորդ, որն էլ կսկսի միավորել քրդերին (միգուցե մյուս երկրների քրդերին նույնպես)։ Եվ ժամանակը կծնի այդ առաջնորդին։

Մեկնաբանել