Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. «Հայկական ժամանակ»

Հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ և այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ», – ասել է Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի և պատասխանների բովանդակությունը:

***

Հունիսի 26-ին ուժի մեջ մտան Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի (Հրայր Թովմասյան) ու ՍԴ ևս երեք դատավորների (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան) գործունեությունը։

Ոստիկանությունը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի այն անդամները (դատավորները), որոնց լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխություններով, իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք։

Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով:

Մեկնաբանել