ԲՀԿ-ն իշխանությանը կոչ է անում ձեռնպահ մնալ «խուլիգանական արարքներից»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող «քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ «ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ին հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ»:

ԲՀԿ-ի հայտարարության հեղինակները մատնանշվում են, իրենց կարծիքով, ՀՀ-ում ծայր առած խդիրները՝ «սոցիալ-տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն»:

«Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ», – ասված է հայտարարության մեջ:

«Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռնմխելի թեմաներ»,- նշում է ԲՀԿ-ն և կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ «խուլիգանական արարքներից»։ 

Քաղաքական ուժը միջազգային կառույցներին և իրապաշտպան կազմակերպություններին հորդորում է «անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն»։