Պատվաստանյութը մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների կյանքին․ Թորոսյան

Կոնսենսուսային մի իրավիճակ կա, որ արդեն հանրային առողջապահության մասնագետները համարում են՝ ամեն դեպքում պատվաստանյութ լինելու է․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 7-ին հրավիրված ասուլիսին անդրադարձավ COVID-19-ի դեմ պատվաստանյութին։

«Այդ համոզումը եկել է ժամանակի ընթացքում, սկզբում այդ համոզումը չկար, և մենք բոլորս ավելի մեծ անորոշության մեջ էինք ապրում, մենք՝ ամբողջ երկրագունդը, ոչ միայն Հայաստանը»,- ասաց նա։

Թորոսյանը նշեց, որ երկրները քննարկում են ապագա վերջնական հաստատված պատվաստանյութերի գնման հարցերը։ Նրա խոսքով՝ հայազգի Նուբար Աֆեյանի «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական վերջնական պրոդուկտներից մեկն է, բայց այն միակը չէ։ Կան ավելի խոշոր արտադրողների ապագա պատվաստանյութեր: Այդ արտադրողների՝ այլ հիվանդությունների՝ գրիպի, կարմրուկի դեմ պատվաստանյութերը Հաայստանը միշտ գնել է:

«Մենք միշտ օգտագործել ենք աշխահի լավագույն պատավաստանյութերը, ինչը և շարունակում ենք անել այլ հիվանդությունների համար: Այս հիվանդության մասով բանակցություններ, իհարկե, ընթանում են, բայց դրանք շատ նախնական են, և այստեղ նույնպես արդեն նույնիսկ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են»,- ասաց նա։

Անորոշություններից մեկը, ըստ Թորոսյանի, այն է, որ տարբեր երկրներ նախապես գնում են դեռ չարտադրված կամ արտադրված, բայց չհաստատված մեծ խմբաքանակներ, ինչը Թորոսյանը համեմատեց Սառը պատերազմի ժամանակ զենքեր արտադրելու հետ։

«Օրինակ՝ մի անգլիական պարբերական գրել էր, որ Մեծ Բրիտանիան գնել է մոտ 60 մլն դոզա ապագա պատավաստանյութ՝ մոտ 500 մլն ֆունտով: Դա նշանակում է, որ այլ պետությունների դա չի հասնի, քանի որ, ենթադրաբար, նրանք ուշացել են»,- նշեց նախարարը։

Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ որոշել է առնվազն սկսել բանակցություններ թե՛ ուղիղ արտադրողների և թե՛ հավաքական գնորդների հետ, ինչպիսին են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ), որոնք կարող են միանգամից գնել մեծ մեծ խմբաքանակ և հավասարաչափ բաշխել։

«Դա թույլ կտա ապահովել հավասարության, արդարության զգացումը. այնպես չստացվի, որ երկիրը, որն ի սկզբանե չի ունեցել 500 մլն ֆունտ՝ այդքան մեծ խմբաքանակ գնելու համար, զրկվի կյանք փրկող պրոդուկտից, որը փաստացի միակ բանն է լինելու, որ մեզ թույլ է տալու վերադառնալ առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության կյանքին»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Ասուլիսին նախարարը հայտնեց նաև, որ ռեմդեսիվիրի խմբաքանակ է գնվել, որը մոտ 1 շաբաթ, 10 օրից Հայաստանում կլինի։

«Բանակցություններ ենք վարում ռուսական Ավիֆավիր, ինչպես նաև ճապոնական և ռուսական Ֆավիպիրավիրի համար: Ճապոնիայից արդեն ստացել ենք: Դա հիմա մեզ մոտ է և շուտով կսկսի օգտագործվել»,- տեղեկացրեց Թորոսյանը։

Կարդացե՛ք նաև՝ Կորոնավիրուսային պատվաստանյութը մշակվում է արագացված ռեժիմով. աշխատում են 150 հետազոտական խմբեր

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել